Ինչպես հայտնի է, ամերիկյան Apple ընկերության վերջին սմարթֆոնները` iPhone5-երը, օժտված են ավելի բարակ կորպուսով: Սմարթֆոնի հետևի պանելի ապակին փոխարինվել է մետաղով, ինչը տրամաբանորեն հեռախոսն ավելի կայուն պետք է դարձնի մեխանիկական վնասվածքների նկատմամբ:
Սակայն պարզվում է, որ սմարթֆոնները պատրաստված են բավական փափուկ համաձուլվածքից, որը ծանրության հետևանքով հեշտ դեֆորմացվում է: Այս հանգամանքը պատահմամբ նկատել է ֆրանսիական Nowhereelse կայքի խմբագիրներից մեկը` նշելով, որ սմարթֆոնը ձևախեղվում է` հագուստի հետևի գրպանում դնելու և դրա վրա նստելու դեպքում:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ խնդիրը զանգվածային բնույթ է կրում: Չինական մի շարք ֆորումներում iPhone 5-ի պաշտոնական վաճառքի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց հայտնաբերվել են դեֆորմացված հեռախոսի լուսանկարներ:
Հիշեցնենք, որ նոր սմարթֆոնն օժտված է А6 պրոցեսորով, 1 Գբ օպերացիոն հիշողությամբ, սենսորային in-cell Retina 4-դյույմանոց էկրանով, 8 Մբպ լուսադիոդներով, iSight տեսախցիկով: