Երկրի իրական պատկերը
Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2011» զեկույցը (տե՛ս «Յուրաքանչյուր երրորդը՝ աղքատ: ԱՎԾ-ն ներկայացրել է Հայաստանի սոցիալական պատկերը 2010թ.» հոդվածը), որտեղ ներկայացված են 2010թ. ցուցանիշները: Ըստ այդ տվյալների՝ անցյալ տարի աղքատության մակարդակը, չնայած 2,6% տնտեսական աճին, բարձրացել է և կազմել 35,8% կամ 1,2 մլն մարդ:
Ուշագրավ և խիստ մտահոգիչ է, որ աղքատության աճին զուգահեռ մեծացել է Gini գործակիցը, այսինքն՝ բնակչության եկամուտների բաշխվածությունը՝ հօգուտ հարուստների, ինչը վկայում է այն մասին, որ կառավարության սոցիալական քաղաքականությունը լուրջ թերություններ ունի:
Gini գործակիցը ցույց է տալիս երկրում եկամուտների բաշխման հավասարաչափությունը, ըստ որի՝ 0-ն համարվում է եկամուտների կատարյալ հավասարաչափ բաշխում, 1-ը՝ եկամուտների առավելագույն բևեռացում: Ըստ այդմ՝ եթե 2009թ. Gini գործակիցը կազմում էր 0,355, ապա 2010թ. այն արդեն կազմել է 0,362:
Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչության 1/3-ից ավելին մայրաքաղաքում է ապրում, Երևանի կենտրոնն էլ արևելաեվրոպական միջին կենսամակարդակ ունեցող քաղաքի պատկեր ունի, ապա ոչ միայն արտասահմանցիների, այլև հենց մեր իշխանավորների մեջ կարող է սխալ պատկերացում ձևավորվել, որ երկրում աղքատությունն այնքան էլ լուրջ պրոբլեմ չէ:
Եթե համարենք, որ Երևանում ապրում է 1,2 մլն մարդ, ապա դրա 1 տոկոսը կազմում է 12 հազար մարդ: Այդ 12 հազարի 50 տոկոսը թերևս կարող է իրեն թույլ տալ ընթրել ռեստորանում, թանկ ավտոմեքենա ունենալ և արտասահմանում հանգստանալ: Դա նշանակում է 6 հազար մարդ, որոնց մեծ մասն էլ ապրում է Երևանի կենտրոնում:
Այս 6 հազար հոգու ներկայությունը Երևանի կենտրոնում իսկապես կարող է ինքնախաբեության մատնել երկրի իշխանավորներին, որոնք ամեն օր իրենց տաքուկ կաբինետներից նայում են Հանրապետության հրապարակին և երեկոյան ընթրում փոքր կենտրոնի ռեստորաններում՝ այնտեղ տեսնելով միջին արևելաեվրոպացիների հագուկապը:
Երևանի կենտրոնից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա է երկրի իրական պատկերը:
















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ