Ինչու է աղմկում Ռուբեն Հակոբյանը

Ռուբեն Հակոբյանը փորձում է ծանրացնել «Ժառանգության» կշիռը՝ քաղաքական դաշտում նրան վերագրելով զոհի կարգավիճակ: Բայց ինչպես հայտնի է՝ քաղաքական ուժերի կշիռը ծանրանում է ոչ թե խոսքով, այլ կատարած գործերով:

Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը լքելուց հետո արդեն մի քանի անգամ է, ինչ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ասուլիսներով և լրատվամիջոցենրին հարցազրույցներ տալով փորձում է արդարացնել և հիմնավորել «Ժառանգության» տարօրինակ վարքագիծը: Իսկ ինչպես հայտնի է, ինտենսիվորեն արդարանում են հիմնականում մեղավորները: Թե ինչո՞ւմ է մեղավոր Ռուբեն Հակոբյանն ու «Ժառանգությունը», թերևս կարելի է կռահել: Տարբեր լրատվամիջոցների հետ հարկադիր կամ կամավոր շփումների ժամանակ արդարանալուց բացի, Ռուբեն Հակոբյանն ու նրա համախոհները փորձում են քննադատել արդեն նախկին գործընկերներին՝ մե՛կ ՀՀԿ-ին տապալելու փորձեր կատարելու, մե՛կ էլ միասնական շտաբով ձայներ փոշիացնելու փորձերի մեջ: Ստացվում է, որ ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը կամ նրան հակակշռելը, ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ժողովրդի շահերից չբխող, անշնորհակալ գործ է:

Խիստ անհասկանալի է նաև այն տրամաբանությունը, որ ընտրությունները վերահսկող հանրային շտաբը կարող է ձայներ փոշիացնել: Հետաքրքիր կլիներ, որ այդ մասին հայտարարող Ռուբեն Հակոբյանի զինակից Ալեքսանդր Արզումանյանը բացատրեր նաև այդ նույն շտաբի կողմից ձայների փոշիացման մեխաիզմները:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նաև հայտարարել էր, որ երեք ուժերը՝ այսինքն ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, փորձում են չեզոքացնել «Ժառանգությանը»: Հարց՝ հատկապես «Ժառանգության» ի՞նչը կարելի է չեզոքացնել: Ընդհանրապես չեզոքացնում են միայն լուրջ գործոններին: Թե «Ժառանգությունը» որքանով է լուրջ քաղաքական գործոն, կերևա առաջիկայում:

Մեկնաբանել