HSBC-ի աշխատակիցը մեղադրվում է 23 մլն դրամ հափշտակելու մեջ

HSBC բանկի աշխատակիցը ամբաստանյալի կարգավիճակում է։ Ըստ մեղադրանքի՝ HSBC-ի աշխատակից Արման Մինասյանի 2012-ի դեկտեմբերից մինչև 2017-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ապօրինաբար տիրացել է նույն բանկի անկանխիկ գործառույթների բաժնի մի շարք ներկայիս և նախկին աշխատակիցների բանկային ծրագրի մուտքի և փոխանցումներ կատարելու հնարավորություն տվող օգտատիրոջ անուններին և գաղտնաբառերին։

Այսկերպ Մինասյանն իր աշխատանքային համակարգչով բանկի այլ աշխատակիցների անուններով մուտք է գործել համակարգ։ Նա բանկի մի շարք հաճախորդներից` համապատասխան պայմանագրերի հիման վրա, բանկային փոխանցումների դիմաց հօգուտ բանկի գանձման ենթակա միջնորդավճարներիը գանձել է և մուտքագրել իր հետ կապված` բանկի հաճախորդ հանդիսացող, այլ անձանց անձնական հաշիվներին։

Ըստ մեղադրանքի՝ նման եղանակով, մեղադրանքի համաձայն, Մինասյանը 72 գործարք է կատարել և համակարգչային տեխնիկայի գործադրմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով` 23, 4 մլն ՀՀ դրամ:

Գործը ուղարկվել է Երևան քաղաքի դատարան, այն կքննի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Մինասյանը ստորագրությամբ բաց է թողնվել։

Մեկնաբանել