Աշոտյան-Զոլյան բախման հետևանքները

Բուհերը դառնում են կուսակցական բջիջներ

-Տիկին Դիլանյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված Աշոտյան-Զոլյան բախումը: Քաղաքական ենթատեքստ կա՞ արդյոք այս ամենում։
-Ես կուզենայի խոսել ոչ թե քաղաքական ենթատեքստի, այլ այն բաների մասին, որոնք գոնե ինձ համար շատ ավելի կարևոր են: Քաղաքական ինչպիսի ենթատեքստ էլ փորձեն տեսնել, պրն Զոլյանը միակ ոչ կուսակցական ռեկտորն է։ Այսօր մեր բուհերը դառնում են կուսակցական բջիջներ։ Այսօր ուսանողների և դասախոսների համար ստեղծվում է այնպիսի մի իրավիճակ, որ նրանք պարզապես գերադասում են ձայն չհանել։ Իսկ սա վտանգավոր է: Ամեն ինչ լուռ ընդունելը, ամեն ինչին հարմարվելը ամենավտանգավորն է այս ամենում։ Ավելին՝ զարհուրելի է, եթե խոսքը բուհի մասին է:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանը, ես հպարտությամբ եմ ասում, բացառություն է: Հավանաբար սա գալիս է նաև այն փաստից, որ ռեկտորն ինքը որևէ կուսակցության չի պատկանում և կաղապարված չէ, կապանքների մեջ չէ, հրահանգներ չի ստանում։ Համապատասխանաբար, այս մթնոլորտը փոխանցվում է ամբողջ բուհին։

Չի կարելի բուհը քաղաքականացնել: Բուհն այն վայրն է, որտեղ դաստիարակվում, կրթվում, զարգանում են մեր ապագա քաղաքացիները: Մենք ապագայում քաղաքացի չենք ունենա, եթե այսօրվանից մեր ուսանողներին դնենք վանդակի մեջ, հատկապես երբ վանդակի ճաղերը երբեմն փշալարեր են։

-Եթե, այնուամենայնիվ, վերադառնանք հարցին՝ ո՞րն է հակամարտության իրական պատճառը։

-Ես կարծում եմ, որ սա տեսակների խնդիր է, ֆունկցիոների և ոչ ֆունկցիոների բախում։ Ամենավրդովեցուցիչն այն է, որ սա տեղի է ունենում կրթական համակարգում։ Ինձ մոտ վերջերս այնպիսի տպավորություն է, որ մենք ինչ-որ տարբեր աշխարհներում ենք ապրում: Մենք բուհում քննարկում ենք, վիճում, բախվում կրթական համակարգի, ռազմավարական խնդիրների շուրջ, մեթոդաբանություն մշակում, հետո քայլ առ քայլ փորձում մտցնել կրթական պրոցես, հոգնած գնում, բայց ինչ-որ չափով նաև բավարարված, ու նորից բախվում, նորից ենք վիճում, այս ամենը հաճելի մթնոլորտ է։

Ու հանկարծ մի օր արթնանում ես, և պարզվում է, որ կառքերը կասեցրել են, որովհետև դու ինչ-որ մի բան մեծատառով ես գրել՝ փոքրատառի փոխարեն, մտցրել ես մասնագիտություն, որը չգիտես ինչու ամեն տեղ կա, մեզ մոտ չպիտի լինի, այսինչ մարդուն թույլ ես տվել մտնել լսարան, իսկ ինքը բազային կրթություն չունի: Մտածում ես՝ լավ, սա գրոտեսկի հասնող անհեթեթություն է, ես ինչո՞վ եմ զբաղված, ինձ ինչո՞ւմ են մեղադրում:

– Ստացվում է, որ համալսարանում, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, նույնպես անցումային փուլ է, և սա արդեն վիճա՞կ է։

– Այո՛, և անցումային այս փուլը ամենակարևոր, ամենահետաքրքիր ու ամենածանր ասպարեզն է մեր կյանքում, որովհետև մենք հայտնվել ենք ոչ միայն նոր աշխարհում, այլև նոր իրավիճակում, երբ սերունդ է փոխվում: Նաև բուհում է սերունդ փոխվում:

Սա շատ ծանր աշխատանք է, ու մեզ ավելի շատ հետաքրքրում են աշխատանքի մարտահրավերները, ներքին մոտիվացիան, որն ունեն դասախոսները, այն, որ մենք կարող ենք: Ո՞վ է ասել, որ չենք կարող: Բայց թողեք աշխատենք, հասկանո՞ւմ եք, մեր ամբողջ խնդրանքը սա է:

Զարմանալի էլ չէ, որ այս պայթյունը տեղի ունեցավ հենց հումանիտար բուհում: Հումանիտար բուհը չափազանց կարևոր է երկրի համար։ Այստեղ է զարգանում ազատ միտքը, այստեղ են ծնվում գաղափարները, որոնք դուրս են բերելու երկիրը նեղ, կաղապարված մթնոլորտից, դուրս են բերելու աշխարհ։ Իսկ հիմա ստացվում է, որ ոչ, մենք մեղավոր ենք: Պետք է ուսանողներին ասեինք՝ գիտեք ինչ, վերևից ասված է՝ դու այսպես պիտի մտածես, ուրեմն այսպես էլ պիտի մտածես: Ո՛չ, համաձայն չենք:

-Ճահճացած իրավիճակի մեջ այս պայթյունը ի՞նչ դրական բան կարող է բերել կրթական համակարգին։

-Ես փորձում էի հասկանալ, թե ինչ է սա։ Հետո հասկացա՝ սա բյուրեղացման գործընթաց է: Այսինքն՝ ստեղծվել է մի մթնոլորտ, երբ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր անելիքի համար և ինքը պետք է այսօր հրապարակավ խոսի այդ պատասխանատվության մասին։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչպիսի դեմագոգիա է այսօր մեր երկրում: Որևէ մտահոգություն չկա: Եվ այդ բյուրեղացման պրոցեսը հիմա մեր համալսարանից է գնում։

-Ինչպիսի՞ն են լինելու համալսարանի հետագա քայլերը։

-Սա միայն պրն Զոլյանի խնդիրը չէ: Պարզապես պրն Զոլյանը եղավ այն մարդը, որն ընդվզեց, որը ասաց՝ չի կարելի: Մենք խոսում ենք ակադեմիական ազատությունների մասին, մենք խոսում ենք բուհերի ինքնավարության մասին, իսկ ավելի լավ, քան բուհը իր ներսում, ոչ ոք չգիտի, թե որ պահին, որ քայլն է ճիշտ։ Եվ այս ամենը գրված է թղթի վրա։ Բայց երբ գալիս է այն պահը, որ դու պիտի օգտվես դրանից, քեզ ասում են՝ ո՛չ, դու իրավունք չունես, դու այսինչ կետի այնինչ ենթակետը խախտել ես: Հետո պարզվում է, որ այդ ենթակետը ընդամենը չակերտների հարց է: Չի կարելի այսպես, բուհը պետք է ազատ շնչի:

Կրկնում եմ, եթե ուզում ենք ունենալ ազատ սերունդ, եթե ուզում ենք ունենալ ստեղծարար սերունդ, բուհերը պետք է ազատ շնչեն: Չի կարելի բուհերը կաղապարել: Ամբողջ պատմության ընթացքում բոլոր երկրներում բուհն է եղել ազատ մտքի, ստեղծագործ մտքի ծնողն ու առաջ տանողը։

Մեկնաբանել