Չարենցյան տարին մեկնարկել է
Չարենցյան հոբելյանը կնշվի ողջ հանրապետությունում:
Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի ծննդյան 115 և ստեղծագործական գործունեության 100–ամյակը, ինչի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանն ու Չարենցի տուն-թանգարանը բազմաթիվ միջոցառումներ են նախատեսել: Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ու Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի տեղեկացմամբ` քաղաքապետարանի ծրագրերը հիմնականում կապված են դպրոցականների հետ: Դպրոցներում 2012-ը չարենցյան է հռչակվել: Այս կապակցությամբ կկազմակերպվեն չարենցյան ընթերցումներ, շարադրությունների մրցույթներ: Առարկայական օլիմպիադաների հաղթողներին կշնորհվի Չարենցի հատընտիրը: Բացի այդ` նախատեսվում է կազմակերպել կամուրջ` հարևան երկրներում և հեռավոր սփյուռքում գործող Չարենցի անվան դպրոցների մասնակցությամբ, որի ընթացքում մասնակիցները միասին կհնչեցնեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Ըստ Գայանե Սողոմոնյանի` տարվա թերևս ամենահետաքրքիր միջոցառումը կկոչվի «Շրջիկ գրադարան», որի շրջանակում դպրոցականները կճանապարհորդեն ՀՀ մարզերում`ներկայացնելով Չարենցի ստեղծագործությունները: Դպրոցականներին գաղափարի շուրջ միավորելուն կօգնի հատուկ հագուստը, որի վրա կպատկերվի բանաստեղծի դիմանկարը կամ տողեր նրա ստեղծագործություններից:
Տուն- թանգարանը ևս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով: Արդեն լույս է տեսել «Չարենց 115» գիրքը, որը բանաստեղծի մասին անձնական նոր փաստեր է պարունակում: Այս տարի Չարենցի թոռնուհի Գոհար Բազյան-Ջերահյանի նախաձեռնությամբ գիրք կտպագրվի, որում կզետեղվեն «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության թարգմանությունները աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Լիլիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր ծայրերից արդեն ստացվել են թարգմանություններ: Միջոցառումներ կանցկացվեն նաև Չարենցի կամարի մոտ: Այս վայրը, ինչպես նշեց Լիլիթ Հակոբյանը, հավանաբար, շուտով կկրի «Չարենցի պուրակ» անվանումը:
Տոնակատարությունները կավարտվեն համերգով, որը կանցկացվի աշնանը <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում: Համերգի ընթացքում կհնչեն ոչ միայն չարենցյան գործերի հիման վրա գրված ստեղծագործություններ, այլև պոետի սիրելի հեղինակների` Կոմիտասի, Շոպենի գործերը:
















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ