Ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո

Այսօր լրագորղների հետ հանդիպաման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարել է. «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը չնայած պայքարում է արդար ընտրություններ անցկացնելու համար, բայց միաժամանակ չի հավատում, որ ընտրությունները կանցնեն մեր նախատեսվածով: Մենք մայիսի 8-ից 20 միտինգների հայտեր ենք ներկայացրել, մենք ամենևին թիթեռնիկներ չենք, որ հավատանք իրենց՝ արդար ընտրություններ անցկացնելու մասին հայտարարություններին»:

Իհարկե, բարձր որակի ընտրություններ անցկացնելու իշխանությունների խոստումներին հավատալը միամիտ վարքագծի դրսևորում կլիներ, սակայն մյուս կողմից անհրաժեշտ է գիտակցել, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը մեծապես կախված է նաև քաղաքացիներից և քաղաքական ուժերից: Առավել ևս, որ հենց այդ նպատակով ստեղծվել է ընտրությունների վերհսկման շտաբ, որի առանցքային անդամներից է նաև ՀԱԿ-ը: Հետևաբար, որքանով է տրամաբանական, որ այսօրվանի ընտրությունների նկատմամբ ձևավորվի կանխակալ մոտեցում, հայտարարվի, որ ամեն դեպքում ընտրությունները կեղծվելու են: Սրանով արմատավորվում է իշխանությունների ամենակարողության մասին թեզը՝ «ինչ ուզեն, կանեն և ինչ թիվ ուզենան, կնկարեն սկզբունքով»: Իսկ հասարակական նման գիտակցության արմատավորման պարագայում հազիվ թե քաղաքացիները պայքարեն իրենց քվեների պաշտպանության համար: Միաժամանակ, որոշակիորեն հեղինակազրկվում է նաև ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործունեությունը. եթե միևնույն է կեղծվելու են, այդ դեպքում ի՞նչը վերահսկես:

Բացի այդ, Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, որ հետընտրական տարատեսակ զարգացումները իրավիճակ չեն փոխում: Ո՛չ 1996թ., ո՛չ 2003թ. և ոչ էլ առավել ևս 2008թ., երբ ընդդիմությունը, կասկածի տակ առնելով ընտրությունների արդյունքները, տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց, ոչինչ չփոխվեց, ընտրությունների արդյունքները չվերանայվեցին, իսկ իշխանությունը ամեն դեպքում վերարտադրվեց: Հետևաբար՝ հույս դնել հետընտրական հանրահավաքային պայքարի վրա, այդքան էլ իրատեսական չէ: Միաժամանակ չի կարելի բացառել նաև հրապարակային պայքարի այս ձևը, սակայն այդ գործիքի կիրառության մասին խոսելը դեռ վաղ է: Փաստացի ներկայում հրամայական է դրված ազատ և արդար ընտրությունների անցկացման խնդիրը լուծել ընտրություններից առաջ և ոչ թե ընտրություններից հետո:

Մեկնաբանել