Deutsche Bank-ը թաքցրել է $12 մլրդ վնասը

Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում գերմանական Deutsche Bank-ը թաքցրել է դերիվատիվների պատճառած $12 մլրդը, ինչը բանկին հնարավորություն է տվել խուսափել դիմելու կառավարության ֆինանսական աջակցությանը: Այս մասին բանկի երեք նախկին աշխատակիցները տեղեկացրել են կարգավորիչներին, հաղորդում է բրիտանական Financial Times-ը:

Թերթի տվյալների համաձայն՝ բանկի նախկին աշխատակիցները երեք բողք են ներկայացրել կարգավորիչներին, այդ թվում՝ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC):

Ըստ թերթի՝ բանկը հարկադրված է եղել նվազեցնել դիրքերի ծավալը, որի նվազագույն մակարդակը կազմել է $130 մլրդ: Հակառակ դեպքում՝ կապիտալի իրացվելիության մակարդակը կնվազեր սահմանային արժեքից, ինչի հետևանքով Deutsche Bank-ը հարկադրված կլիներ դիմել կառավարության աջակցությանը: Բանկի թրեյդերները ղեկավարության թույլտվությամբ հաշվետվության մեջ չեն ներկայացրել բաժնետոմսերի արժեքի փոփոխությունները:

Մինչդեռ վնասների ճշգրիտ հաշվարկների դեպքում, ըստ նախկին աշխատակիցների, վնասը կարող է կազմել $4-12 մլրդ:

Deutsche Bank-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ դեռ 2011թ. համանման մեղադրանքների շուրջ հետաքննություն է անցկացրել, որոնց արդյունքում վնասների փաստը հաստատող փաստեր չեն հայտնաբերվել:

Ըստ Wall Street Journal-ի՝ SEC-ը իր հերթին ևս հետաքննություն է անցկացնում Deutsche Bank-ի նկատմամբ: Ուշագրավ է, որ բանկի նախկին գլխավոր տնօրեն Յոզեֆ Ակերմանը մշտապես հպարտացել է, որ ճգնաժամի ընթացքում Deutsche Bank-ը կառավարությունից պետական աջակցություն չստացած ֆինասնական քիչ կառույցների թվում է եղել: Ավելին՝ գերմանական բանկը հրաժարվել էր նաև Եվրոպական կենտրոնական բանկի եռամյա վարկերից: 2008թ. Deutsche Bank–ը այնուհանդերձ դիմել էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հակաճգնաժամային միջոցառումների օգնությսնը: Թեև ԴՊՀ-ն խոսատացել էր պահպանել իր իր փոխառուների գաղտնիությունը, մի քանի տարի հետո ԶԼՄ-ների ճնշման ներքո հարկադրված էր հրապարակել դրանք:

Ըստ թերթի՝ բանկի նախկին աշխատակիցները կարգավորիչներին բողոք են ներկայացրել մեկը մյուսից անկախ: Ընդ որում՝ նրանք որոշել են դիմել այս քայլին, քանի որ բանկի ղեկավարությունը հարկադրել է հեռանալ աշխատանքից, ինչը իր հերթին պայմանավորված է եղել ներքին վերահսկողության բաժնին խախտումների մասին տեղեկացմամբ:

Մեկնաբանել