NASA-ն չեղյալ է հայտարարել «աշխարհի վերջը»

Ի հեճուկս բազմաթիվ կանխատեսումների և տեսությունների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին «աշխարհի վերջ» չի լինի: Համենայնդեպս՝ դրանում միանգամայն համոզված են NASA ամերիկյան տիեզերական գործակալության գիտնականները:

«2012թ. աշխարհի վերջ չի լինի: Մեր մոլորակը վերջին 4 մլրդ տարում նորմալ վիճակում է եղել, և սպասվող աշխարհի վերջի մասին պնդումները զուրկ են որևէ գիտական հիմնավորումից», – ասված է NASA-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ: Դրանում հերքվում են աշխարհի վերջի մասին ամենատարածված տեսությունները: Ըստ դրանցից մեկի՝ Երկիրը կբախվի Արեգակնային համակարգում շրջող Նիբիրու մոլորակին, որի գոյության մասին իբր ժամանակին ասել էին շումերները: Սկզբնապես այս սցենարով աղետը նախատեսված էր 2003-ին, սակայն երբ այդ տարում ոչինչ տեղի չունեցավ, աշխարհի վերջը «հետաձգվեց» մինչև 2012-ի դեկտեմբերի 21–ը: Հենց այստեղ է ավարտվում մայա հնդկացիների օրացույցի շրջաններից մեկը:

«2012թ. դեկտեմբերի 21-ին մարդկության վերջը չի գա, սակայն այդ օրը կլինի հերթական ձմեռային արևադարձ», – ասել է գործակալությունը և հավելել, որ չի լինի նաև «բախում որևէ երկնային մարմնի հետ, արևային հսկայական բռնկում, բևեռների տեղաշարժ և «մոլորակների շքերթ»:

NASA-ն տեղեկացրել է, որ այսօր՝ նոյեմբերի 29-ին, գործակալության գիտնականները՝ աստղագետները, աստղակենսաբանները և Արեգակի ու աստերոիդների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները, Google-ում կայանալիք տեսակոնֆերանսում կպատմեն, թե ինչու են բոլոր վերոհիշյալ տեսությունները կեղծ և հորինված:

Մեկնաբանել