Թբիլիսիում անցկացվել է ֆլեշմոբ՝ նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին

Վրաստանում անցկացվել են Հայող ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ՝ խաղաղ հանրահավաք և ֆլեշմոբ`խորհրդարանի շենքի առջև: Ֆլեշմոբի մասնակիցները մոմերով խաչ են կազմել և կատարել ավանդական լուռ պար: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, այնուհետև մասնակիցները խորհրդարանին են հանձնել բոլոր պատգամավորներին ուղղված Վրաստանի հայության` Ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դիմումը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել նաև Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթ: Վառվող ջահերով և ցուցապաստառներով հայ երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն`կոչ անելով այդ երկրին սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակի առջև ու ճանաչել Մեծ եղեռնը:

Մեկնաբանել