Դատախազությունը բողոքարկել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալների արձակման որոշումները

Երեխաների ապօրինի որդեգրման գործով հինգ մեղադրյալներից երեքի ազատ արձակման որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարան:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մասնավորապես՝ Դատախազությունը բողոքարկել է Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի և գործով մեղադրյալ քաղաքացի Դ. Գրիգորյանի նկատմամբ կալանավորմանն այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. «Նրանց դեպքում համարվել է, որ գրավի կիրառումը ի զորու չէ չեզոքացնելու կալանքի ընտրության այն հիմքերը կամ մեղադրյալների պատշաճ վարքագծի հետ կապված ռիսկերը, որոնք դատարանը նշել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իր որոշմամբ:

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ․ ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ Դատախազությունը բողոքարկել էր նաև «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը. «Դատախազության համոզմամբ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդության մեջ իրեն մեղսագրվող արարքներին Ռ. Աբրահամյանի ենթադրյալ առնչության վերաբերյալ ներկայացված են եղել հիմնավոր փաստարկներ, հիմնավոր կասկածն առավել քան առկա է, հետևաբար դատարանի որոշումը դատախազության գնահատմամբ հիմնավոր չէ»:

Մյուս երկու մեղադրյալների՝ Անուշ Գարսանցյանի և Արշակ Ջերջերյանի մասով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները դատախազություն դեռևս չի ստացվել.

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը, քաղաքացիներ Դ. Գրիգորյանը և Անուշ Գարսանցյանը Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով անցնում են այս գործով։

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել