S&P-ն Ադրբեջանին շնորհել է «աղբային» վարկանիշ՝ ՀՆԱ-ի կրկնակի կրճատման կանխատեսմամբ

S&P AzerbaijanStandard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշը «ներդրումային»-ից մեկ աստիճան ցածր մակարդակի իջեցնելու մասին՝ «BBB-»-ից «BB+»-ի՝ «կայուն» կանխատեսմամբ:

S&P-ն հայտարարել է, որ Ադրբեջանի վարկանիշն իջեցնելու որոշումը պայմանավորված է նավթի գների անկմամբ, հարկաբյուջետային իրավիճակի վատթարացմամբ և երկրի տնտեսությունում բացասական միտումների պահպանման ակնկալիքներով:

Վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ Ադրբեջանի տնտեսությունը 2016թ. կնվազի 1 տոկոսով. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կրկնակի կնվազի՝ 8,000-ից 4,100 դոլարի:

«Եթե երկրի տնտեսությունում ռեցեսիա գրանցվի, Ադրբեջանի համար դա կլինի առաջին տնտեսական անկումը 1995-ից ի վեր»,- հայտարարել է S&P-ն՝ նշելով, որ բյուջեի դեֆիցիտի պահպանման ֆոնին առաջիկա տարիներին իշխանություններին ավելի դժվար կլինի «հավասարակշռել ծախսերն ու պահպանել սոցիալական կայունությունը»:

S&P-ն ընդգծել է քաղաքական ռիսկերի ազդեցությունը Ադրբեջանի տնտեսության վրա՝ պայմանավորված թափանցիկության պակասով:

«Ադրբեջանը շարունակում է առերեսվել մի շարք ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերի: Կարծում ենք, որ որոշումների կայացման գործընթացը մեծապես կենտրոնացված է և ոչ թափանցիկ, ինչը նվազեցնում է այդ գործընթացի կանխատեսելիությունը»,- ասված է S&P-ի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի վարկային պարտավորությունների գնահատականի անկումը մինչև «աղբային» (junk) կհանգեցնի ներդրումների կրճատման, քանի որ բազմաթիվ ներդրողներ (մասնավորապես, թոշակային ֆոնդերը) չեն կարող միջոցներ ներդնել «ներդրումային»-ից ցածր վարկանիշ ունեցող ակտիվներում:

Մեկնաբանել