Արտաքին գործերի նախարարությունը տարածել է նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախարարը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում «ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»:
«Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում»,- պատասխանել է Նալբանդյանը` հավելելով, որ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակում:
Իվան Վոլինկինը «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանին հարկ է ավելի գործուն հայտարարել Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։
«Ես վստահ եմ, որ Ռուսաստանին հարկ է ավելի գործուն հայտարարել Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ Սրանում ոչ մի կասկած չկա։ Սակայն զբաղվել Հայաստանի տարածքում գործող այն ոչ կառավարական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում, ըստ ամենայնի՝ հարկ է՝ օգտագործելով նաև այլ մեթոդներ։ Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը»,- ասել էր դեսպանը:
ՍիվիլՆեթի կապ հաստատեց Ազգային ժողովի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ` փորձելով որոշ պարզաբանումներ ստանալ դեսպանի հարցազրույցի վերաբերյալ: Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, ընդունվի ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող օրենք, Սահակյանը պատասխանեց, որ ծանոթ չէ դեսպանի հայտարարությանը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի