ՏԿՆ-ում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման հարցեր են քննարկվել

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր՝ օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության համայնքներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Ինչպես հաղորդում են ՏԿՆ-ի մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցում էին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը նշել է, որ սակագների վերջին փոփոխություններից հետո մարզերում ՀԷՑ-երի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում և առկա խնդիրների լուծում են ակնկալում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրել է ընկերության 2014-2018թթ. ներդրումային ռազմավարության ծրագիրը, որով նախատեսվում է համակարգում մինչև 40 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումների կատարում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ընթացիկ տեխնիկական վիճակը և մատուցվող ծառայությունների որակը: Ներդրումային ծրագիրը դեռևս պետք է հաստատվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Քննարկվել են նաև պետական, համայնքային հիմնարկների հաշվեկշիռներում առկա տարբեր ենթակայանների շահագործման ու տնօրինման հետ կապված խնդիրները, որոնք, դժվարություն են ստեղծում ընկերության համար` անխափան էլեկտրաէներգիա մատակարարելու հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող ենթակայանների հարցը ևս առանձին կքննարկվի: Մեկ անգամ ևս անդրադարձ է եղել էլեկտրական համակարգերի տարածքներում բնակելի և հանրային շենքերի շինարարության անթույլատրելիությանը և առաջարկվել պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Մեկնաբանել