ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը մայիսի 13-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին. տեղեկանում ենք ՀՀ ՏԿՆ պաշտոնական կայքից: Հանդիպման նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:
Նիստի ընթացում ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները:
Այցի շրջանակում փոխվարչապետը նույն օրը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և մոնիտորինգի գրասենյակի ղեկավար, հատուկ հանձնարարություններով դեսպան Լուիս ՍիդեԲակայի (Luis CdeBaca) հետ:
Զրուցակիցները քննարկել են թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցության, Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող օժանդակության համար: Նա վերահաստատել է երևույթի դեմ պայքարն ակտիվորեն շարունակելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:
Ա. Գևորգյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին և այս ոլորտում կարևորում են ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը: Մասնավորապես Եվրոպայի խորհրդի` Մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակում Հայաստանը սերտորեն համագործակցում է ԵԽ փորձագիտական խմբի (GRETA) հետ: Նա նշել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարում պետությունը գործընկեր է համարում նաև հասարակական կազմակերպություններին, որոնք ներգրավված են նաև իր ղեկավարած խորհրդի կազմում:
Ա. Գևորգյանը տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին` նշելով, որ արդեն տասնամյակից ավելի է, ինչ Հայաստանը պայքարում է այդ երևույթի դեմ: Իրականացվել են օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ստեղծվել է միջգերատեսչական կենսունակ համակարգ, մշակվել է թրաֆիքինգի զոհերի պաշտպանության և աջակցության Ազգային ուղղորդման կարգը:
ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է նաև «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», որը մշակելիս հաշվի են առնվել նաև ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի և Հայաստանի կողմից ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ առաջին զեկույցի առաջարկները:
Արձանագրելով, որ կան տեսանելի արդյունքներ` փոխվարչապետը միաժամանակ նշել է, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծված` հաշվի առնելով նաև թրաֆիքինգի երևույթի փոփոխական բնույթը և տարիների ընթացքում ի հայտ եկող նոր մարտահրավերները: Կարևորելով թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցությունը` նա միաժամանակ ընդգծել է, որ հայկական կողմը ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստված համապատասխան զեկույցներում իրավիճակի օբյեկտիվ արտացոլում և գնահատական է ակնկալում:
Լուիս ՍիդեԲական իր հերթին Հայաստանի հետ համագործակցությունն արդյունավետ համարել է` դրական գնահատելով երևույթի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված աշխատանքները և վերջին շրջանում տեսանալի առաջընթացը: Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստակամ է շարունակել աջակցությունը թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում և հատկապես բարձր է գնահատում առաջընթացի դինամիկան:
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մյուս հանդիպումը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Էնթընի Լեյքի (Anthony Lake) հետ էր: Կողմերն անդրադարձել են համագործակցության ներկա մակարդակին և քննարկել են հետագա փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում 1994 թվականից գործող կազմակերպության գրասենյակն իր զգալի ներդրումն է ունեցել երեխաների ամենատարբեր խնդիրները լուծելու գործում: Նա հատկապես կարևորել է կրթության, առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների զարգացման բանգավառում համատեղ աշխատանքները: Փոխվարչապետը մասնավորպես ընդգծել է ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ գործակցությունը:
Ա. Գևորգյանը նաև ողջունելի է համարել, որ 2010-2015թթ. իրականացվող ծրագրում որպես առաջնայնություն են նշվել ՀՀ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում նախանշված ոլորտները, ինչը հնարավորություն է ընձեռում համատեղ ջանքերով լուծել առկա խնդիրները:
Նշելով, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակը վերջին տարիներին առանձնակի ուշադրություն է դարձնում զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը` փոխվարչապետը հույս է հայտնել, որ այդ միտումները կշարունակեն:
Հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում իրականացվող ծրագրերը` հավաստիացնելով, որ պատրաստակամ են շարունակել փոխգործակցությունը և աջակացել Հայաստանի կառավարությանը` ծրագրով նախանշված ոլորտներում հաջողության հասնելու համար:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գործադիր տնօրեն Բաբատունդ Օսոտիմեհինի (Babatunde Osotimehin) հետ հանդիպմանը փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ 2011թ. մարդահամարի անցկացմանը հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ մարդահամարի արդյունքների մշակման աշխատանքները դեռևս շարունակվում են:
Կողմերը կարևորել են ՄԱԿ-ի անդամ երկրներում տվյալների բազների ստեղծմանն ուղղված աշխատանքները` արձանագրելով, որ դրանց առկայությունը նպաստում է առավել արդյունավետ և հասցեական ծրագերի իրականացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նյու Յորքում ավարտելով հանդիպումները` փոխվարչապետը վերադարձել է Երևան: