Վիտալի Բալասանյանի հիմնական խնդիրը

Վիտալի Բալասանյանը մի շարք առավելություններ ունի: Մարտական գեներալը Արցախի հերոս է, մի շարք հաջողված ռազմական գործողությունների հրամանատար, եղել է ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, Մարտակերտում տեղակայված դիվիզիայի հրամանատար (ժամանակին Բակո Սահակյանն այստեղ հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալն է եղել): Որպես քաղաքական գործիչ՝ ժամանակին սատարել է ընդդիմությանը՝ եղել «ՀՅԴ-Շարժում-88» ընդդիմադիր դաշինքի ձևավորման հիմքում, սակայն 2007թ. պաշտպանել է իր նախկին տեղակալ Բակո Սահակյանի թեկնածությունը և դարձել վերջինիս խորհրդականը: 2010թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, քիչ ուշ հրաժարվել է նախագահի խորհրդականի պաշտոնից՝ ոչ հրապարակային հանդիպումներում քննադատելով իրականացվող քաղաքականությունը:

Հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությունը և Արցախի գործող իշխանությունների քաղաքականության նկատմամբ առկա դժգոհությունները լայն հնարավորություններ են տալիս Բալասանյանին հաջողություններ գրանցել նախագահական ընտրություններում:
Բալասանյանի շանսերը մեծանում են նաև այն առումով, որ Բակո Սահակյանի նախագահության օրոք տեղի է ունեցել մեկ հոգու ձեռքում իշխանության կենտրոնացում և ժողովրդավարական ինստիտուտների էական թուլացում, երկրի կյանքում անվտանգության ծառայությունների դերի չարդարացված մեծացում, քաղաքականության և բիզնեսի սերտաճում:

Քաղաքացիական հասարակության տարբեր դրսևորումներ ամեն կերպ ճնշվել են, այդ թվում՝ ՀՀ իշխանավորների անմիջական մասնակցությամբ: Արցախյան հասարակության լավագույն գիտակ Իգոր Մուրադյանն այսպես է մեկնաբանել առկա իրավիճակը. «Ղարաբաղի հասարակությունը վախեցած ու ստրկացված է Ղարաբաղի իշխանության ջանքով և ունակ չէ պայքարելու»:

Այս վախի հիմնական պատճառը աշխատանքը կորցնելու մտահոգությունն է: Արցախում գրեթե չկան այլընտրանքային աշխատատեղեր, ինչպիսին կարող է ապահովել մասնավոր սեկտորը կամ քաղաքացիական հասարակությունը: Մեծ է բնակչության կախվածությունը բյուջետային աշխատատեղերից, մասնավոր սեկտորն ազատ չէ իր գործողություններում:

Այս ընտրություններում, անկախ որևէ թեկնածուի հաղթանակից, ամենամեծ նշանակությունն ունի հանրության՝ վախի նկատմամբ տարվելիք հաղթանակը: Քաղաքական կյանքում առկա ներկա նիհիլիզմը հնարավոր է հաղթահարել միայն վախից ձերբազատվելով, ինչը բավական բարդ է լինելու՝ հաշվի առնելով 2007թ. նախագահական ընտրությունները և դրան հետևած իշխանությունների ռեակցիան:
Վիտալի Բալասանյանի հիմնական խնդիրը հենց այս վախը սպանելն է: Բարդագույն խնդիր, որի լուծմանը, սակայն, հարկավոր է ձեռնամուխ լինել՝ նույնիսկ կարճաժամկետ հաղթանակներ չունենալու պայմաններում:

Մեկնաբանել