Qatar Airways-ը Դոհա-Երևան չվերթները կսկսի մայիսից

avio_kompanija_qatar_airways_10_1Կատարի ազգային Qatar Airways ավիաընկերությունը Դոհա-Երևան կանոնավոր չվերթները կսկսի իրականացնել մայիսի 15-ից, հաղորդում է Qatar news պետական գործակալությունը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթը չորս անգամ A320 ինքնաթիռներով:

Դեռ 2015թ. նոյեմբերին ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հաղորդել էր, որ հաջողությամբ ավարտել է բանակցությունները Qatar Airways-ի հետ, և ընկերությունը 2016-ից կմտնի հայկական շուկա: ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ում նշել էին, որ Դոհայի օդանավակայանը հարմարավետ տարանցիկ կետ կարող է լինել Հայաստանից ԱՄՆ, Մերձավոր և Հեռավոր Արևելք մեկնողների համար:

Qatar Airways-ի գործադիր տնօրեն Աքբար ալ Բաքերի խոսքով` դեպի Երևան և Երևանից մեկնող ուղևորները ընկերության գլոբալ ցանցի միջոցով ավելի հեշտ մատչում կունենան աշխարհի այլ կետերի նկատմամբ:

Qatar Airways-ը Մերձավոր Արևելքի ամենամեծ ավիաընկերություններից մեկն է, ունի մեծ ցանց և թռիչքներ է իրականացնում ավելի քան 150 ուղղություններով:

Ընկերությունն այս տարի ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը, ներառյալ նոր ուղղությունները դեպի Լոս Անջելես, Բոսթոն և Ատլանտա:

Մեկնաբանել