Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը, որը տևեց շուրջ մեկ ու կես ժամ:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, Էդվարդ Նալբանդյանը հանդիպումից դուրս եկավ միայնակ և չպատասխանեց լրագրողների հարցերին: Նա միայն նշեց, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ ժամը 20:00-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ:
Իսկ Ահմեդ Դավութօղլուն մամուլի ասուլիս կտա միայն թուրք լրագրողների համար:
Երևանում դեկտեմբերի 12-ին անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Դավութօղլուի այցի կապակցությամբ երիտասարդական մի շարք միություններ բողոքի ակցիա էին կազմակերպել հյուրանոցի դիմաց: