C-400 համալիրներ Մոսկվայից՝ Անկարային․ իրական գործա՞րք, թե՞ քաղաքական խաղ

Մոսկվան պատրաստ է Անկարային մատակարարել С-400 զենիթահրթիռային համալիրներ՝ 500 մլն դոլարով մեկ դիվիզիոնի դիմաց․ RBC գործակալությանը տեղեկացրել է Կրեմլին և պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած երկու աղբյուր։

Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում էր, որտեղ ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է այդ թվում համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, խոսք է գնացել Անկարային С-400-ների մատակարարման մասին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ բանակցություններն ընթացել են դրական հունով։

Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ Մոսկվան և Անկարան հասել են բանակցությունների եզրափակիչ փուլ, սակայն գործարքի արժեքը չէր մեկնաբանել։

RBC-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Անդրեյ Ֆրոլովը նկատում է, որ հաշվի առնելով այն, որ 2007թ․ Ռուսաստանն ու Իրանը գործարք էին կնքել С-300-ների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ՝ մոտ 900 մլն դոլար արժողությամբ, 500 մլն դոլարը С-400-ի մեկ դիվիզիոնի դիմաց բավական իրատեսական է հնչում:

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ չի կարելի պնդել՝ Անկարան Մոսկվայից կգնի համալիրների հենց այդ քանակը։ Նրա կարծիքով՝ Թուրքիան չի կարող իրեն դա թույլ տալ կամ ստիպված է լինելու Ռուսաստանից վարկ վերցնել։ Միևնույն ժամանակ, Անկարան չի ցանկանում այդ աստիճան կախված լինել Մոսկվայից։

Մյուս վիճելի պահը, ըստ RBC-ի զրուցակցի, С-400-ի էլեկտրոնային միջուկն է, որի մեջ Ռուսաստանը կներդնի արգելք սիրիական և ռուսաստանյան զորքերի դեմ օգտագործման վրա։

Ավելի վաղ TASS-ը գրել էր, որ բանակցությունները երկարաձգվել են նաև այն պատճառով, որ Անկարան պնդում է տեխնոլոգիաների մի մասի՝ իրեն փոխանցելու և որոշ պահեստամասերի համատեղ արտադրության վրա։

RBC-ի տեղեկատուի համոզմամբ՝ Ռուսաստանը տեխնոլոգիաների փոխանցման չի գնա։ Եթե նույնիսկ Մոսկվան Անկարային տրամադրի С-400՝ միայն արտահանման անձնագրով, որը համաձայնեցված է ՊՆ-ի և հաստատված՝ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության կողմից։

Թուրքագետ Յուրի Մավաշևը կարծում է, որ Ռուսաստանի հետ նման գործարքի հավանականությունը մոտ 30 տոկոս է։ Նրա համոզմամբ՝ այդկերպ Անկարան փորձում է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից ավելի շահեկան պայմաններ կորզել և ցուցադրել իր աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական կարևորությունը։

Անկարայի այս քաղաքական խաղի նպատակը, ըստ ռուսաստանցի վերլուծաբանների, ցանկությունն է ցույց տալ արևմտյան դաշնակիցներին, որ ինքն ի վիճակի է գտնել այլընտրանքային տարբերակներ։ Էրդողանի նպատակն էր՝ ցույց տալ Ռուսաստանի ունակությունը գնալ այդ գործարքին։

Փորձագետները կարծում են, որ եթե С-400-ների գործարքը կայանա, այն կսպառնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների բարդացմամբ ինչպես Մոսկայի, այնպես էլ Անկարայի համար։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել