Չեխիային Հայաստանը կհասնի 100 տարում, Վրաստանը՝ 50 տարում․ ԱՄՀ ներկայացուցիչ

«Հնարավոր տնտեսական աճի ընթացիկ կանխատեսումներից ելնելով՝ Հայաստանը այնպիսի երկրների մակարդակին, ինչպիսին Հունգարիան է, կարող է հասնել 75 տարում, իսկ այնպիսի երկրների, ինչպիսին Չեխիան է՝ 100 տարում»,- հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Առկա» գործակալության հետ հարցազրույցում: Նա նշել է, որ հնարավորություն կա այդ առաջընթացին ավելի շուտ հասնել: «Օրինակ, հաշվի առնելով Վրաստանի ընթացիկ և կանխատեսվող աճը, ակնկալվում է, որ այդ մակարդակին հասնելու համար Վրաստանից կրկնակի քիչ ժամանակ է հարկավոր»,- ասել է Տոլոսան՝ հավելելով, որ չնայած բավական շոշափելի առաջընթացին, ամենակարևորը բիզնես նախաձեռնությունների նկատմամբ պատշաճ և արդար մոտեցումն է: «Երբ կառավարությունն էականորեն լավացնի իր հարաբերությունները տնտեսավարողների հետ, հատկապես՝ Պետեկամուտների կոմիտեի մակարդակում, դա տնտեսական աճի վրա էական ազդեցություն կունենա»,- նշել է ԱՄՀ ներկայացուցիչը: