«Դատարկ դհոլը» սթափեցնող հայտարարություն է. Արտաշես Գեղամյան

ՀՀԿ–ի ցուցակում ընդգրկված պատգամավորները կյանքի շատ մեծ փորձ ունեն և բարեկամի քննադատությունը չարախոսությունից կկարողանան տարանջատել: Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանը, որը մինչև 2008թ. ընդդիմադիր էր:

«Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական ուղղվածություն է ունենալու։ Այն մարդը, ով անկեղծորեն քննադատում է, իրոք դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության պարագայում գովաբանում է կամ փայլատակող աչքերով ճպճպացնում, ուրեմն նա, ինչպես Աստվածաշնչում են ասում, դժոխքի ճանապարհ է մղում իր ընկերներին, իր գործընկերներին»,- ասաց Գեղամյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի Գեղամյանի հասցեին ասված «դատարկ դհոլ» արտահայտությունը նույնպե՞ս կառուցողական քննադատություն էր, Գեղամյանը պատասխանեց. «Անշուշտ. դրանք սթափեցնող արտահայտություններ էին: Սերժ Սարգսյանը ի՛նձ է քննադատել, ես իրե՛ն եմ քննադատել, բայց այսօր, ի հեճուկս մեր երկրի թշնամիների, մենք բարեկամություն ենք անում և ոչ միայն բարեկամություն»:





Մեկնաբանել