Եգիպտոսը ազատ կարձակի «Ալ Ջազիրայի» հացադուլ անող լրագրողին

Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթը կարգադրել է ազատ արձակել կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Աբդուլլահ Էլշամիին։

Ինչպես հաղորդում է «Ալ Ջազիրան», վկայակոչելով գլխավոր դատախազի գրասենյակի՝ հունիսի 16-ին տարածած հայտարարությունը, Էլշամին, որը հացադուլի մեջ է այս տարվա հունվարից, ազատ է արձակվելու՝ պայմանավորված «առողջական վիճակով»։ Հաղորդագրությունում նշված է, որ ևս 13 մարդ ազատ է արձակվելու նույն հիմքով։

Էլշամին հացադուլ է անում արդեն 148 օր՝ բողոքելով իրեն առանց մեղադրանք առաջադրելու տևական բանտարկության մեջ պահելու դեմ։ Նա ձերբակալվել է 2013թ․ օգոստոսին Եգիպտոսի պաշտոնաթող արված նախագահ Մուհամադ Մուրսիի (որը զինվորականների կողմից իշխանությունից հեռացվեց անցյալ տարվա 2013թ․ հուլիսի 3-ին) աջակիցների նստացույցի բռնի ցրումը լուսաբանելիս։

Նրա փաստաբան Շաանան Սաիդի խոսքով՝ ակնկալվում է՝ Էլշամին ազատ կարձակվի հունիսի 17-ին։

«Որոշումը հասատատում է այն, ինչ «Ալ Ջազիրա» լրատվականն ասել էր՝ Էլշամին պարզապես կատարում էր իր լրագրողական պարտականությունները»,- ասել է Սաիդը։

Մեկնաբանելով Եգիպտոսի գլխավոր դատախազության հայտարարությունը՝ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության մամուլի խոսնակն ասել է․ «Սա ավելի շուտ սփոփանք է, քան տոնելու առիթ։ Աբդուլլահն ավելի քան տասը ամիս անցել է սարսափելի փորձությունների միջով։ Նա կցանկանա ժամանակն անցկացնել ընտանիքի հետ և վերականգնվել։ Երբ նա պատրաստ լինի, մենք ուրախ կլինենք տեսնել նրան կրկին լրագրությամբ զբաղվելիս, ինչը նրա սիրելի գործն է»։

Միաժամանակ «Ալ Ջազիրայի» անգլալեզու ծառայության երեք լրագրողները՝ Պետեր Գրեսթեն, Բահեր Մոհամեդը և Մոհամեդ Ֆահմին, շարունակում են ճաղերի հետևում մնալ, և հեռուստաընկերությունը շարունակում է հանդես գալ նրանց ազատ արձակելու կոչերով։

«Ալ Ջազիրայի» այս երեք լրագրողների գործով դատավճիռը կայացվելու է հունիսի 23-ին։ Պետեր Գրեսթեն, Բահեր Մոհամեդը և Մոհամեդ Ֆահմին մեղադրվում են «կեղծ լուրեր» հաղորդելու և Եգիպտոսում ներկայում արգելված և ահաբեկչական հայտարարված իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժմանը աջակցելու մեջ։ Նրանք կալանքի տակ են պահվում արդեն 171 օր։ «Ալ Ջազիրան» կտրականապես հերքում է մեղադրանքները։

Եգիպտացի դատախազները պահանջել են առավելագույն պատժաժամկետ՝ 15-25 տարի ազատազրկում, սակայն փաստաբաններն ու հարազատներն ակնկալում են՝ մեղադրյալները կարդարացվեն։

Փետրվարի 27-ին ՍիվիլՆեթի լրագրողները միացել էին «Գլոբալ ջանքերը համատեղելու» օրվան և իրենց համերաշխությունն էին հայտնել բոլոր այն լրագրողներին, որոնց սպառնում են, սպանում են կամ բանտարկում մասնագիտական պարտականությունները կատարելու համար։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Մեկնաբանել