Նախարար Ավանեսյանը ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել. որքա՞ն մարդ է իրականում մահացել Covid-19-ից

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023-ի ապրիլի 19-ին Ազգային ժողովում, պատասխանելով համավարակից մահացած անձանց թվի վերաբերյալ պատգամավորի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում Covid-19-ից ընդհանուր մահերի թիվը շուրջ 8 700 է։

«Հայաստանում մահացությունը 8 700-ի շրջանակներում է։ Այս պահին անգիր չեմ հիշի թիվը. […] Խնդրեմ, բացեք ցուցանիշը մեր հարևան երկրներում՝ ինչպես է կազմել մահացությունը։ Որոշների համեմատ կրկնակի պակաս է գրանցվել քովիդի մահացությունը այն պարագայում, երբ Հայաստանը մի կողմից դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին։ Ուստի կարծում եմ, որ սա շատ խոսուն գնահատական է»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի այս հայտարարությանը մայիսի 2-ին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պնդելով, որ Անահիտ Ավանեսյանը ԱԺ ամբիոնից կորոնավիրուսի մահերի կեղծ ցուցանիշ է հայտնել։

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց վիճակագրական տվյալները՝ փորձելով հասկանալ, թե կողմերից որ մեկն է սխալ տվյալներ հնչեցնում համավարակից մահացության ցուցանիշի վերաբերյալ։

Նախարարությունը սկզբում հերքում էր

Պատգամավորի հայտարարությանը նույն օրը՝ մայիսի 2-ին, արձագանքեց [արխ.] առողջապահության նախարարությունը՝ պնդելով, թե նախարարի կողմից հնչեցրած մահվան դեպքերի վիճակագրությունն արտացոլում է իրական պատկերը:

Պաշտոնական վիճակագրությունը տարբերվում է

Համաձայն առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակված տվյալների` ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում մահերի ընդհանուր թիվը 8 752 էր։ Ըստ էության հենց այս թիվն է խորհրդարանում հնչեցրել առողջապահության նախարարը։

Սակայն վիճակագրական կոմիտեի կայքում 2020-2022 թվականի պաշտոնական տվյալներում կորոնավիրուսից մահերի թիվը ընդհանուր կազմում է 9 839։ 2020-ին գրանցվել է 3 545, 2021-ին՝ 5 450, 2022-ին 812 և 2023-ի հունվար-մարտին՝ 32 մահ։

Այս խնդիրը ամենևին նոր չէ․ պաշտոնական տվյալների տարբերության մասին բարձրաձայնվել էր դեռ 2021-ի հոկտեմբերին, և նախարար Ավանեսյանը հայտնել էր՝ հանձնաժողով է ստեղծվելու, որը կճշտի տվյալների տարբերության պատճառը, և դրանք կհամապատասխանեցվեն։

Նախարարությունը հաստատում է և խոստանում ուղղել

#CivilNetCheck-ը գրավոր հարցում ուղարկեց առողջապահության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու են կորոնավիրուսից մահերի պաշտոնական տվյալները տարբերվում։ Նախարարությանը ուղիղ մեկ ամիս պահանջվեց պատասխանելու համար։

Ի վերջո, մեր զանգերից հետո նախարարությունից տեղեկացրին, որ իրենց կայքում հրապարակված տվյալները չեն ներառում ոչ հիվանդանոցային՝ այսինքն տնային պայմաններում և արտերկրում կորոնավիրուսից մահացության դեպքերը, իսկ վիճկոմիտեում հրապարակված տվյալները ամբողջական են։

Covid-19-ից մահերի տվյալները, ըստ ներկայացված պարզաբանման, համապատասխանեցվել էին Armed համակարգի հետ, սակայն ոչ կայքում հրապարակված տվյալների, ինչն էլ առաջացրել է շփոթը։

ԱՆ-ից վստահեցրին, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում կորոնավիրուսի վերաբերյալ օրերս հրապարակվելիք նոր ամփոփ ինֆոգրաֆիկայում տվյալները կուղղվեն։

Այսպիսով, նախախարության կայքում մինչ օրս հրապարակված և Ազգային ժողովում նախարար Անահիտ Ավանեսյանի հնչեցրած՝ կորոնավիրուսից ընդհանուր մահերի թիվը ոչ ամբողջական էր։

Մեկնաբանել