Քանդվում է Լիբանան-Սիրիա-Իրաք-Իրան շիական գոտին
«Դամասկոսում և Հալեպում կանգ է առել շուկան: Իսկ եթե Արևելքում չի աշխատում շուկան, դա արդեն այն փուլն է‚ երբ փոփոխություններն անխուսափելի են»,– ասում է Հայկ Քոչարյանը:
Անցյալ շաբաթ Եգիպտոսի դատարանը երկրի նախկին առաջնորդ Հոսնի Մուբարաքին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ անցյալ տարվա զանգվածային ցույցերի ժամանակ սպանությունները չկանխելու համար: Դատարանի որոշումից դժգոհ տասնյակ հազարավոր եգիպտացիներ Կահիրեի «Թահրիր» հրապարակում և խոշոր այլ քաղաքներում զանգվածային ցույցեր սկսեցին՝ Մուբարաքին մահապատժի ենթարկելու պահանջով: Անցյալ շաբաթ կրիտիկական կետի հասավ նաև լարվածությունը Սիրիայում, երբ Հուլա բնակավայրում կոտորվեցին տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Արաբական գարնան այս նոր զարգացումների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է արաբագետ Հայկ Քոչարյանի հետ:
-Դեպքերի հետագա ընթացքը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընդհանուր տարածաշրջանի վրա:
-Մերձավոր Արևելքում տեղի է ունենում պրոցես, որը կապված է քաղաքակրթական տվյալ փուլի զարգացման հետ, որը ինֆորմացիայի արագ փոխանակման հնարավորություններ է տալիս: Բնական է, որ այդ պրոցեսը պետք է բերեր կառավարման նոր՝ ազատ և արագ արձագանքող համակարգի առաջացմանը: Ավտորիտար կառույցները‚ լինելով բուրգային և ոչ ազատ‚ չեն կարող բավարարել նոր իրավիճակի պահանջները‚ ինչի արդյունքում էլ սկսում են քանդվել: Ինչ վերաբերում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությանը‚ ապա‚ ինչպես հայտնի է‚ նրան և ներքին գործերի նախարարին դատապարտեցին ցմահ ազատազրկման, իսկ Մուբարաքի որդիներին ու գործում ներգրավված գեներալներին ազատ արձակեցին: Հետաքրքիրն այն է, որ այդ դատավճռի ձևակերպումով Մուբարաքը ոչ թե մեղավոր է ճանաչվում ցուցարարների սպանություններ կազմակերպելու մեջ, այլ դեպքերի նման ընթացքը չկանխելու համար: Դա էր պատճառը, որ ցմահ դատապարտեցին, ոչ թե մահապատիժ սահմանեցին: Բնական է‚ որ «Թահրիր»-ի ցուցարարների կողմից սա դիտվեց որպես հեղափոխության սկզբունքների դավաճանություն‚ ինչի արդյունքում նրանք նորից սկսեցին հավաքվել «Թահրիր»-ում:
-«Թահրիր»-ում կրկին հազարավոր ցուցարարներ են հավաքվել: 2011-ը հիմա կրկնվո՞ւմ է: Այս զարգացումներն ո՞ւր են տանում:
-Վիզուալ առումով պատկերը նույնն է, բայց կոնտեքստը փոխվել է: Պրոցեսը, որ տեղի ունեցավ, ցույց տվեց, որ Եգիպտոսում հեղափոխություն այդքան էլ տեղի չի ունեցել, քանի որ ընտրությունը կանգ առավ մուսուլման եղբայրների և հին վարչակարգի ներկայացուցչի միջև: Բայց հետաքրքիր է, որ ընտրություններում երրորդ տեղը գրավեց նասերական նացիոնալիզմի գաղափարները կրող Համդին Սաբահին: Նրան չի բավարարել ընդամենը 700 հազար ձայն, ինչը Եգիպտոսի դեպքում փոքր թիվ է: Այսինքն՝ կա նաև այդ զանգվածը, որը նույնպես դժգոհ է:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ մյուս երկրներում, մասնավորապես Սիրիայում, զարգացումները ևս լինեն եգիպտական տարբերակով:
-Մերձավոր Արևելքում իրավիճակի յուրահատուկ ինդիկատոր է շուկան: Դամասկոսում և Հալեպում կանգ է առել շուկան: Իսկ եթե Արևելքում չի աշխատում շուկան, դա արդեն այն փուլն է‚ երբ փոփոխություններն անխուսափելի են: Այս տեսանկյունից փոփոխություններ լինելու են Սիրիայում‚ եթե շուկան երկարատև շարունակի փակ մնալ:
-Հուլայի կոտորածից հետո սիրիական իրադարձությունների միջազգային հնչեղությունը մեծացավ, շատ երկրներից վտարվեցին Սիրիայի դեսպանները, ակտիվացան խոսակցությունները երկրում ռազմական միջամտության շուրջ: Ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի դիրքորոշումը, Մոսկվան շարունակելո՞ւ է պաշտպանել Ասադի վարչակարգը:
-Ռուսաստանը կպաշտպանի Ասադի վարչակարգը այնքան ժամանակ, որքան դա բխում է իր շահերից: Մերձավոր Արևելքում զարգացումները պետք է դիտարկել գլոբալ կոնտեքստում. տեղի է ունենում Լիբանան-Սիրիա-Իրաք-Իրան շիական գոտու քանդումը: Այդ քանդման պրոցեսում Սիրիային խաղից հանելուն կարևոր դեր է հատկացված: Բնականաբար, Հուլայի դեպքերից հետո միջազգային ճնշումները Սիրիայի վրա պետք է աճեն: Ահա այս տեսանկյունից պետք է նայել, թե ում էին ձեռնտու Հուլայի դեպքերը:
-Հայաստանի Հանրապետությունը ինչո՞վ և ինչպե՞ս կարող է նեցուկ կանգնել Մերձավոր Արևելքի հայ համայնքներին:
-Տարբեր տեսակետներ հնչեցին, որ պետք է պատրաստվել սիրիահայերի հոսքին Հայաստան: Տարբեր սցենարներ կարող են լինել: Բայց այդ մարդիկ մշակութային այդ միջավայրին են պատկանում, այդտեղ են մեծացել, և իրենց համար այն հայրենիք է: Համայնքն իր կուտակած նյութական և մշակութային արժեքներով այդ երկրի մասնիկն է: Նրանց տեղափոխելը անհնար և անիմաստ է: Կարելի է ասել՝ հանցագործություն է: Հայաստանի պետությունը պետք է աշխատի համայնքի, երկրի քաղաքական վերնախավի, հատուկ ծառայությունների հետ: Այդ ամենը մի օրում չի արվում: Դա պետք է արվեր ժամանակի ընթացքում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով:

















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ