ՀԲ-ն իջեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» հունիսյան զեկույցը, որում անփոփոխ է թողել համաշխարհային տնտեսության աճի հունվարյան կանխատեսումը՝ ընթացիկ տարվա համար 2,5%։ Զարգացող տնտեսությունների տնտեսական աճի կանխատեսումն այս տարվա համար վերանայվել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 5,3%։ Ըստ զեկույցի՝ զարգացող երկրները պետք է պատրաստվեն համաշխարհային տնտեսությունում առաջիկա տարիների հնարավոր անկայունությանը։

ՀԲ-ի զարգացման հեռանկարների գծով տնօրեն Հանս Թիմմերի խոսքով՝ կապիտալի համաշխարհային շուկան և ներդրողների տրամադրությունները միջնաժամկետ կտրվածքում անկայուն են մնալու, քաղաքականապես դժվար է լինելու տնտեսական իրավիճակի կայունացումը։ Նման պայմաններում զարգացող երկրների ջանքերը պետք է ուղղված լինեն արտադրողականության բարձրացման բարեփոխումներին ու ենթակառուցվածքներում ներդրումներին, և ոչ թե գլոբալ տնտեսական իրավիճակի փոփոխություններին արձագանքելուն։

ՀԲ կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,1% (հունվարին բանկն ընթացիկ տարվա համար ակնկալում էր 4,3%-ի աճ)։ Ռուսաստանի համար ՀԲ կանխատեսել է 3,8% տնտեսական աճ՝ նախորդ կանխատեսումը բարձրացվել է 0,3 կետով։

ՀԲ-ն Ադրբեջանի և Թուրքիայի համար ՀՆԱ-ի աճի հունվարյան կանխատեսումը թողել է անփոփոխ՝ համապատասխանաբար 3,1% և 2,9%։ Վրաստանի դեպքում բանկը բավական լավատես է, քանի որ նախորդ կանխատեսումը բարձրացրել է միանգամից 1 տոկոսային կետով՝ մինչև 6%։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն այս տարվա բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,2% ցուցանիշը։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման՝ ՀՆԱ աճը հանրապետությունում կլինի 3,8%։

Մեկնաբանել