Եվրահանձնաժողովը չի վերանայի հունական վարկի պայմանները
Եվրահանձնաժողովը ծրագրում է համագործակցել Հունաստանի նոր կառավարության հետ՝ երկրի տնտեսության վերականգնմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու հարցում, սակայն մտադիր չէ քննարկել Աթենքի հետ ավելի վաղ համաձայնեցված €130 մլրդ ծավալով օգնության ծրագրի պայմանները, հաղորդում է Reuters-ը։
«Մենք ընդամենը վերջերս ենք որոշում ընդունել օգնության երկրորդ ծրագրի շուրջ, և ոչ ոք չի խոսում նոր հուշագրի ստորագրման մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ Հունաստանին անհրաժեշտ է կառավարություն ձևավորել, որը կզբաղվի ծրագրի պայմանների կատարմամբ և երկիրը կրկին կդնի բարեփոխումների ուղու վրա»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ամադեու Ալթաֆաջը ճեպազրույցի ընթացքում։
Եվրոպացի առանձին գործիչներ և ԱՄՆ-ը ավելի վաղ հաղորդել էին Հունաստանին ֆինանսավորման երկրորդ ծրագրի տրամադրման պայմանների վերանայման պատրաստակամության մասին, սակայն Եվրահանձնաժողովի կարծիքով՝ տարվա ընթացքում ավելի վաղ համաձայնեցված ասպեկտները չեն կարող վերանայվել։ Ալթաֆաջի խոսքով՝ Հունաստանում նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո միջազգային եռյակի (ԵՄ, ԱՄՀ և ԵԿԲ) առաքելությունը կմեկնի Աթենք՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու երկրի կառավարության՝ գործընկերների հետ համաձայնեցված ծրագրի իրականացումը։
Մյուս կողմից՝ այսօր՝ ավելի վաղ, եվրոգոտու բարձրաստիճան ներկայացուցիչը, որ ցանկացել է անանուն մնալ, հաղորդել է, որ Հունաստանին €130 մլրդ օգնության տրամադրման ծրագիրը կարող է վերանայվել՝ հավելելով, որ եվրոգոտու ներկայացուցիչները սակայն միակարծիք չեն հնարավոր փոփոխությունների ծավալի հարցում։ Ավելին՝ ԱՄՆ-ը ևս դեմ է վարկավորման ծրագրի վերանայմանը։
Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, իր հերթին, կասկածներ է հայտնել, որ վարկատուները կարող են լուրջ զիջումների գնալ։


















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ