Հայկական Հերցելին սպասելիս

1897թ. տեղի ունեցավ սիոնիստական համաշխարհային առաջին կոնգրեսը, որից հետո Թեոդոր Հերցելը՝ քաղաքական սիոնիզմի հիմնադիրը և կոնգրեսի նախաձեռնողը, ոգևորված դրա արդյունքներով, գրեց, թե կոնգրեսի ժամանակ ինքը ցանկանում էր ասել, որ հիսուն տարի անց հրեական պետություն կստեղծվի, սակայն չհամարձակվեց՝ վախենալով քմծիծաղ առաջացնել: Ուղիղ հիսուն տարի անց ստեղծվեց հրեական պետություն՝ Իսրայել անունով, և երկու հազար տարի անհայրենիք թափառելուց հետո հրեաները հնարավորություն ստացան պետականություն կառուցելու:

1948թ. Իսրայելի հիմնադիր հայրերից մեկը՝ Դավիդ Բեն Գուրիոնը, դարձավ վարչապետ: Հստակ գիտակցելով թշնամական միջավայրում գոյատևելու դժվարությունը՝ Բեն Գուրիոնն ու նրա թիմակիցները խնդիր դրեցին գալիք հիսուն տարում Իսրայելում ունենալ առնվազն 5 միլիոն հրեա բնակչություն, առանց որի նրանք անհնար համարեցին Իսրայել պետության գոյությունը: Այդ ժամանակ Իսրայելի բնակչությունն ընդամենը մի քանի հարյուր հազար էր: Հիմնադրումից ուղիղ հիսուն տարի անց Իսրայելն ուներ 6,5 միլիոն բնակչություն, որից 5,5 միլիոնը՝ հրեա:

Ո՛չ հրաշք էր տեղի ունեցել, ո՛չ էլ գերբնական միջամտություն: Մարդիկ հստակ խնդիրներ են դրել իրենց առջև, աշխատել դրանք լուծելու ուղղությամբ և հաջողել են: Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինձ պատմել է 1994թ. զինադադարից հետո ՀՀ ազգային անվտանգության նիստի մասին: Նիստում որոշում է ընդունվել հաջորդ տասը տարիների ընթացքում Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի: Տասնութ տարի է անցել այդ օրերից, պաշտոնական վիճակագրությունը խոսում է 140 հազարից մի քիչ ավել մարդու մասին:

Ովքե՞ր էին պատասխանատու այդ որոշման կատարման համար, որևէ մեկը պատասխան պահանջե՞լ է դրա ձախողման համար… չգիտեմ: Գիտեմ հստակ մի բան՝ նման խնդիրներ ո՛չ Երևանում, ո՛չ էլ Ստեփանակերտում այսօր չեն դրվում սեղանին: Եթե մի տասը տարի առաջ էլ դրվում էին, ապա հետևողական չէինք լինում դրանց և արդյունքում անընդհատ զարմանում էինք հրեաների վրա:

Վերջին տարիներին վիկիլիքսյան բացահայտումները, ինչպես նաև իմ անձնական շփումները հայ խոշոր գործարարների հետ ցույց են տվել, որ հայկական բիզնես աշխարհը պատրաստ է մեծածավալ ներդրումներ անել Արցախի վերաբնակեցման գործում, սակայն լուրջ խոչընդոտներ են հարուցվում հայաստանյան իշխանությունների կողմից:

Ամենահայտնի քարվաճառցին՝ Ալեքսանդր Քանանյանը, առաջարկում է ստեղծել Վերաբնակեցման հանրային խորհուրդ՝ վերաբնակեցման խիստ դանդաղած գործը կենդանացնելու և առաջ մղելու համար: Կարծում եմ՝ արդեն օրախնդիր է նման խորհրդի ստեղծումը, որը կընդգրկի նաև Սփյուռքի՝ խնդրով մտահոգ մեր հայրենակիցներին և ուղղված կլինի նախևառաջ վերաբնակեցումը խոչընդոտող քաղաքական խնդիրների վերացմանը: Մնում է միայն Հերցելի նման կարողանալ խնդիրներ դնելու և դրանք իրականացնելու ունակ կազմակերպություն ստեղծել:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ