Անգլերենի վրացական դասը՝ հայերիս

Սաակաշվիլին որքան հայտնի է արևմտյան կողմնորոշմամբ, նույնքան էլ հետաքրքիր բարեփոխումներով: Ամենաթարմ օրինակներից մեկը նրա այն հայտարարությունն է, որ Վրաստանում ոչ մի ուսանող դիպլոմ չի ստանա առանց անգլերեն իմանալու: Խորհրդային տարիներին իր մայրենի լեզուն վճռականորեն պաշտպանած վրացի ազգի համար սա միգուցե տարօրինակ հնչի, սակայն Սաակաշվիլին արդարացիորեն նկատել է, որ դա ժամանակի պահանջն է, քանզի ներկա աշխարհում տեղեկատվական հոսքը անգլերենով է:

Ի՞նչ կտա այս բարեփոխումը Վրաստանին: Բացի ԱՄՆ-ին քաղաքականապես հաճոյանալուց (ինչում կարող է մեղադրվել Սաակաշվիլին)՝ ակնհայտ է, որ դրա արդյունավետ իրագործման պարագայում, երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս, Վրաստանը կտրուկ կբարձրացնի իր մասնագետների, հետևաբար՝ տնտեսության ու գիտության միջազգային մրցունակությունը, ինչն անկասկած դրական կազդի Վրաստանում եղած ներուժի ավելի արդյունավետ օգտագործման և նոր ներուժի ձևավորման վրա:

Այս դասը առավել քան օրինակելի է հնչում նաև Հայաստանի կրթական համակարգի համար: Այո՛, Հայաստանում էլ անգլերենին ավելի մեծ տեղ տալու միտում կա, բայց թե որքանով արդյունավետ ու հետևողական կերպով, դատենք ինքներս՝ հետևյալ փաստերից ելնելով: Նախ՝ անժխտելի է, որ որոշ մասնագիտությունների գծով բուհ ընդունվելու համար անգլերենի քննությունը պարտադիր է, որը, սակայն, շատերի համար դառնում է անգլերենի իմացության գագաթնակետը, քանզի բուհերում ու դպրոցներում չեն տրվում անգլերենի հետևողական ու խորացված դասեր: Համատարած կերպով մասնավոր պարապողները վկա: Մեկ այլ խնդիր է ասպիրանտուրա ընդունվողների համար նախատեսված անգլերենի TOEFL քննության խորհրդանշական շեմը, ինչը հիմնականում շուրջ 60 է՝ 120 հնարավորից: Չգիտեմ, թե Վրաստանում ինչ նվազագույն շեմ են նախատեսելու, սակայն գիտնական դառնալ ցանկացողի համար այդ շեմը խոսում է առնվազն այն մասին, որ նա ի վիճակի չի լինելու դուրս գալ միջազգային գիտական ասպարեզ, եթե նույնիսկ հսկայական ներուժի տեր է:

Նախորդ տարի Արցախի Հանրապետության կառավարությունը նախաձեռնեց մի ծրագիր, որով պետական աշխատողները հնարավորություն են ստանում պետական միջոցների հաշվին սովորել անգլերեն: Դասընթացից հետո նախատեսված շեմը հաղթահարած մասնակիցները հետագայում առավելություններ կունենան մնացածի նկատմամբ, նրանց աշխատավարձերը կբարձրացվեն: Ահա նաև այսպիսի վերուսուցումից և միջոցների կրկնակի ծախսումից խուսափելու համար կարիք կա ապահովելու բուհ ավարտողների անգլերենի բավականաչափ իմացությունը:

Հատկանշական է վրացական մարտավարությունը, որովհետև անգլերենի իմացությունը պահանջվելու է դիպլոմ ստանալու, ոչ թե բուհ ընդունվելու համար: Արդյունքում շրջանավարտը աշխատանքային ու գիտական շուկա մտնելու պահին կլինի իր՝ անգլերենի իմացության առավելագույն մակարդակում:

Հատուկ պետք է ընդգծեմ, որ անկախ անգլերենի կարևորության աստիճանից՝ դրա առաջխաղացումը երբեք չպետք է արվի հայերենի հաշվին, այլ պետք է արվի հայերենին զուգընթաց:

Մեկնաբանել