ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում տարաձայնություններ եղել են, սակայն այժմ չկան. Լևոն Զուրաբյան
Նրան զարմացնում են այն դիտարկումները, թե Տեր- Պետրոսյանի ելույթը հերթական «մեսիջն» էր ԲՀԿ-ին
ՀԱԿ-ում երկփեղկվածություն գոյություն չունի, իմ և Նիկոլ Փաշինյանի միջև տարաձայնություններ ևս չկան: Այսօր այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հրավիրված մամուլի ասուլիսում: «ՀԱԿ-ում որևէ թև գոյություն չունի: Ցանկացած հարցի շուրջ տարբեր տեսակետներ լինում են, սակայն ՀԱԿ-ում երկփեղկվածություն գոյություն չունի»,-ասաց նա: Զուրաբյանի խոսքով՝ տարաձայնություններ նախկինում եղել են, սակայն, այժմ այդպիսիք չկան: Դրանք զուտ մարտավարական էին և վերաբերում էին ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Ըստ նրա՝ վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենին վերջակետ դրեց:
Նրա տեղեկացմամբ՝ ԱԳՆ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործի առթիվ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքի շուրջ բանավեճ եղել է: «Այդ կապակցությամբ շատ լուրջ և առողջ բանավեճ տեղի է ունեցել, որին ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:
Զուրաբյանին զարմացնում են այն դիտարկումները, թե Տեր- Պետրոսյանի ելույթը հերթական «մեսիջն» էր ԲՀԿ-ին: «Փորձում եք տակը փնտրել, երբ ամեն ինչ բաց ներկայացվեց: Տեր- Պետրոսյանն այնքան բաց խոսեց, որ ավելացնելու բան չկա: Ինչ-որ կա, վերևն է»,- ասաց նա:
Զուրաբյանը՝ որպես ՀԱԿ համակարգող, համաձայն է, որ ՀԱԿ-ի առանցքային դեմք հանդիսացող Շահնազարյանը վերջին շրջանում պասիվ է, բայց, միևնույն ժամանակ, նա նշեց, որ Շահնազարյանի կողմից լիազորված չէ պատճառների մասին խոսելու համար:
«Խորհուրդ կտայի նույն համառությամբ ավելի ճիշտ պատասխաններ ստանալ հենց նրանից»,-ասաց Զուրաբյանը: Լրագրողի այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ նա մեկնելու է ԱՄՆ, ՀԱԿ համակարգողը պատասխանեց, որ այդ մասին առաջին անգամ է լսում և չի կարծում, որ դա այդպես է:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ