Ծառուկյանը $700 հազար է խոստացել յուրաքանչյուր օլիմպիական ոսկու համար
700 հազար դոլար` այսքան գումար է խոստացել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր օլիմպիական ոսկե մեդալի համար: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Բացի Գագիկ Ծառուկյանի խոստացած գումարից, Լոնդոնի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկները կպարգևատրվեն նաև Հայաստանի կառավարության կողմից` ոսկե մեդալի համար 20 մլն․ դրամ, արծաթե մեդալի համար 15 մլն. դրամ, իսկ բրոնզե մեդալ նվաճողները կստանան 10-ական միլիոն դրամ:
Դերենիկ Գաբրիելյանը հույս հայտնեց, որ այս տարի մեր մարզիկներն ավելի հաջող հանդես կգան և կկարողանան ոսկե մեդալ նվաճել: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության հանձնակատարը հատկապես մեծ հույս է կապում հունահռոմեական ոճի ըմբիշների և ծանրամարտիկների հետ:
«Հունահռոմական ոճի ըմբշամարտիկներից մեծ ակնկալիքներ ունենք, այս մարզաձևում հայաստանը 4 ըմբիշ կներկայացնի: Յուրի Պատրիկեևը, Արսեն Ջուլֆալակյանը և Հովհաննես Վարդերեսյանը լիովին կարող են պայքարել մեդալների համար, իսկ Արթուր Ալեքսանյանն իր բարձր կարգը հաստատեց Եվրոպայի առաջնության չեմպիոն դառնալով: Հուսանք, որ նա իր խոսքը կասի նաև օլիմպիական խաղերի ժամանակ:
Ազատ ոճայիններ Միհրան Ջաբուրյանը, Դավիթ Սաֆարյանն ու Գաջիմուրադ Նուրմագոմեդովը նույպես խոստացել են առանց մեդալների չվերադառնալ Լոնդոնից:
Մեծ են հույսերը նաև մեր ծանրամարտիկներից, ովքեր վերջին տարիներին լուրջ հաջողություններ ունեն: Եթե կանայք 2 ուղեգիր են նվաճել և արդեն հայտնի է` ովքեր են մեկնելու Լոնդոն` Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, ապա տղամարդկանց թիմում սուր պայքար է ծավալվել: 4 օլիմպիական ուղեգրին 6 մարզիկ է հավակնում` Տիգրան Մարտիրոսյան, Առաքել Միրզոյան, Ռուբեն Ալեքսանյան, Նորայր Վարդանյան, Արայիկ Միրզոյան և Արա Խաչատրյան»,- ասաց Դերենիկ Գաբրիելյանը և հավելեց, որ Լոնդոնում հայ մարզիկների ելույթներին կհետևեն նաև Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են այն մարզիկների անուններն, ովքեր մասնակցելու են Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին։
Ըմբշամարտ. ազատ ոճ
Միհրան Ջաբուրյան (55 կգ)
Դավիթ Սաֆարյան (66 կգ)
Հաջիմուրադ Նուրմուհամեդով (84 կգ)
Ըմբշամարտ. հունահռոմեական ոճ
Հովհաննես Վարդերեսյան (66 կգ)
Արսեն Ջուլֆալակյան (74 կգ)
Արթուր Ալեքսանյան (96 կգ)
Յուրի Պատրիկեև (գերծանրքաշային , 120կգ)
Ձյուդո
Հովհաննես Դավթյան (60 կգ)
Արմեն Նազարյանը (66 կգ)
Բռնցքամարտ
Անդրանիկ Հակոբյան (75 կգ)
Լող
Միքայել Քոլոյան
Անահիտ Բարսեղյան
Հրաձգություն
Նորայր Բախտամյանը
Մարմնամարզություն
Արթուր Դավթյանը
Թաեքվոնդո
Արման Երեմյանը (80 կգ)
Աթլետիկա
Մելիք Ջանոյան, նիզականետորդ
Քրիստինե Հարությունյան, նիզականետորդ
Վարդան Փահլեևանյանը, հեռացատկորդ
Արսեն Սարգսյան, հեռացատկորդ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականում կլինի 6 մարզիկ՝ 4 տղամարդ, 2 կին, որոնց անուններն ու քաշային կարգերը մարզաձևի հանրապետական ֆեդերացիան կհրապարակի հուլիսի 12 –ին:
Կայքի փոխանցմամբ, տղամարդ ծանրորդները Լոնդոն կմեկնեն նաև մեկ պահեստայինով` 69 կգ քաշային կարգում: Հնարավոր է նաև, որ նշված մարզիկների շարքը համալրեն ևս երկու աթլետներ: Նախատեսված է վազորդուհի Ամալյա Շառոյանի մասնակցությունը Սանկտ Պետերպուրգում կայանալիք միջազգային մրցաշարում և ՌԴ բաց առաջնությունում, իսկ գյումրեցի Սևակ Եղիկյանը ուղեգրի համար կպայքարի Իսպանիայում հուլիսի 5–ին կայանալիք մարաթոնյան վազքում: Ընդհանրապես աթլետների վարկանիշային մրցումները իրար կհաջորդեն մինչև հուլիսի 18–ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ