«Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք»-ը Մեծ Բրիտանիա կհասցնի

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը որոշում է ընդունել «Հյուսիսային հոսք» գազամուղի ևս երկու հավելյալ ճյուղի կառուցման նպատակահարմարության մասին։ Այդ ճյուղերից մեկը հնարավոր է՝ հասնի մինչև Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Միլլերը հավելել է, որ այդ չորրորդ ճյուղի համար բաժնետերերի կազմը հնարավոր է՝ փոխվի։ Ներկայում Nord Stream AG ընկերությունում, որն իրականացնում է «Հյուսիսային հոսք»-ի կառուցումնն ու շահագործումը, «Գազպրոմ»-ին է պատկանում բաժնետոմսերի 51%-ը։ Գերմանական BASF/Wintershall և E.ON Ruhrgas կոնցեռնները տնօրինում են բաժնետոմսերի 15,5-ական տոկոսը, իսկ հոլանդական Gasunie-ը և ֆրանսիական GDF-ն՝ 9-ական տոկոսը։

Այն, որ գազամուղի հզորությունը հնարավոր է՝ ավելացվի, «Գազպրոմ»-ում հայտարարել էին 2011թ․ դեկտեմբերին։ Այդ ժամանակ Միլլերը նշել էր, որ գազային կոնցեռնը կսկսի «Հյուսիսային հոսքի» երրորդ և չորրորդ ճյուղերի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակումը։ Հավելյալ ճյուղերի թողարկման դեպքում վառելիքի ընդհանուր արտահանումը գազամուղով հնարավոր կլինի հասցնել տարեկան մինչև 110 մլրդ խմ-ի։

Ներկայում «Գազպրոմ»-ը վառելիք է մատակարարում «Հյուսիսային հոսք»-ի ճյուղերից առաջինով, որը թողարկվել է 2011թ․ նոյեմբերին։ Նրա թողունակությունը տարեկան 27 մլրդ խմ է կազմում։ Ծրագրվում է, որ վառելիքի մատակարարումները գազամուղի երկրորդ ճյուղով կսկսեն իրականացվել հոկտեմբերին, որից հետո «Հյուսիսային հոսք»-ի հզորությունը կկրկնապատկվի և կկազմի տարեկան 55 մլրդ խմ։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ