ՀԱՊԿ. անվտանգության վտանգավոր համակարգ

Դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի լիդեր ԱՄՆ-ը զենք վաճառեր դաշինքի անդամ երկրին սպառնացող երկրի:

Ուզբեկստանը հայտարարել է, որ դադարեցնում է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ 

Մոսկվայի հովանու ներքո գործող այս կառույցը մեկ անգամ չէ, որ կոնկրետ իրավիճակներում ապացուցել է, որ անդամ պետությունների անվտանգության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Ամենաթարմ օրինակը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գրեթե պատերազմական գործողությունների ժամանակ ՀԱՊԿ-ի համառ լռությունն էր: Այս կառույցը որևէ գործողություն չձեռնարկեց ՀԱՊԿ անդամ Հայաստանի շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Դժվար է ասել, թե պաշտոնական Տաշքենդի որոշումը ինչ հանգամանքներով է պայմանավորված, սակայն նման կարևոր որոշում կայացնելու համար պետք է ունենալ լուրրջ պատճառներ: Որ անվտանգության այս համակարգը կորցնում է իր գրավչությունը, այլևս իրականություն է:

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որտեղ հավասարության մակարդակը, չնայած ԱՄՆ-ի գերակա դիրքին, շատ ավելի մեծ է, և դաշինքը հավասարապես պաշտպանում է բոլորի շահերը, ՀԱՊԿ-ն ռուսաստանակենտրոն պաշտպանական համակարգ է, որը սպասարկում է մեկ երկրի՝ Ռուսաստանի շահերը, և մյուս անդամներն այդ համակարգից օգտվում են այնքանով, որքանով դա չի հակասում Մոսկվայի շահերին:

ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի է նմանվում Վարշավայի պակտին՝ հատկապես անդամ պետություններ ներգրավելու առումով: Իսկ թե ի՞նչ վախճան ունեցավ Վարշավայի պակտը և որ անվատնգության համակարգի անդամ են այդ պակտին անդամակացող պետությունների մեծ մասը, արդեն հայտնի է:

Մի հետաքրքիր տարբերություն էլ կա ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև. առաջինին ձգտում են անդամակցել սահմանակից բազմաթիվ երկրներ և շատերին պարզապես դեռ թույլ չի տրվում մտնել այդ անվտանգության համակարգ, երկրորդի՝ ՀԱՊԿ-ի պարագայում, մի երկիր է միավորում իր շուրջը՝ արհամարհելով կոլեկտիվ շահերը: Դրա վառ ապացույցն այն է, որ անվտանգության համակարգի մասը հանդիսացող պետությանը (Հայաստանին) ռազմապես սպառնացող երկրին (Ադրբեջանին) ՀԱՊԿ-ի առաջատար երկիրը սպառազինություն է վաճառում:

Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը բացահայտ զենք վաճառեր ՆԱՏՕ-ի անդամ երկրներից որևէ մեկին մշտապես սպառնացող որևէ երկրի:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ