Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կո՞ղմ՝ ըստ Ավստրիայի նախագահի

Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կո՞ղմ է. ըստ Հայաստանի ղեկավարության՝ բնականաբար, ոչ: Իսկ ահա ըստ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների՝ անշուշտ այո՛: Սա սովորական առճակատում է, որտեղ միջազգային չեզոքությունը պահանջված ու տեղին է: Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտությունում կողմ չլինելու հանգամանքի մասին հայտարարեց նույնիսկ ինքը՝ միջազգային հանրության «խոսնակներից» մեկը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ահա այս ֆոնին առնվազն տարօրինակ ու մտահոգիչ է օրեր առաջ Հայաստանում պաշտոնական այցով եղած Ավստրիայի նախագահի հետևյալ խոսքը. «Ես ծանոթ եմ խնդրի վերաբերյալ կողմերի տեսակետներին: Ադրբեջանական կողմի տեսակետը լսել եմ մոտ կես տարի առաջ, տեղյակ եմ նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի կարծիքին, իսկ այժմ էլ ծանոթացա ՀՀ նախագահի տեսակետին»: Ի՞նչ եք կարծում, արդյոք նա ուղիղ կերպով չնշե՞ց, որ Թուրքիան ղարաբաղյան խնդրում կողմ է: Թեև զարմանալի ու հիասթափեցնող է, այնուամենայնիվ փաստ է, որ Ավստրիայի նախագահն ամբողջությամբ զոհ է գնացել ադրբեջանա-թուրքական քարոզչությանը կամ ճնշմանը, ինչը կասկածի տակ է դնում ավստրիական կողմի անկողմնակալությունն ու ազնվությունը:

Ֆուտբոլային դիվանագիտության թեժ պահերին շատերն էին զգուշացնում, որ հնարավոր է՝ այն Թուրքիայի համար դառնա ոսկե հնարավորություն քիթը խոթելու ղարաբաղյան հակամարտության մեջ, ինչին բազմիցս արդեն ականատես ենք եղել վերջին տարիներին:

Իհարկե, ՀՀ իշխանությունները հաճախակի են փորձում հայտարարություններով հակազդել թուրքական «անպոչ գդալին», այնուամենայնիվ հրաշալի առիթը վաղուց տրված է Թուրքիային, ու մենք ստիպված ենք հետևողականորեն արմատախիլ անել այդպիսի ցանկացած փորձ:

Անկասկած, Ավստրիայի նախագահի այս հայտարարությունն իր բնույթով ավելի վտանգավոր է, քան ադրբեջանա-թուրքական դիվանագիտական զառանցանքները, քանզի դրա աղբյուրը միջազգային հանրության մի ներկայացուցիչ է, որի երկիրը, ի դեպ, հայտնի է իր չեզոք քաղաքականությամբ: Հետևաբար՝ հայկական կողմի համապատասխան հակազդումը պարտադիր է նմանատիպ դեպքերի հետագա կրկնությունների կանխարգելման համար: Այդ հակազդումը կարող է լինել պաշտոնական մակարդակով ներողություն կամ ճշգրտող հայտարարություն պահանջելու միջոցով:

Ցավալի է, որ այդ հայտարարությանը ոչ ոք գոնե հրապարակայնորեն ուշադրություն չսևեռեց ո՛չ փորձագիտական, ո՛չ էլ պաշտոնական շրջանակներում: Իմ այս անդրադարձը, հուսամ, կսթափեցնի նրանց՝ թույլ տալով ավելի աչալուրջ ու հետևողական լինել «անպոչ գդալը» չեզոքացնելու գործում:

Մեկնաբանել