Թանկացող միջոցները կրճատել են բանկերի շահույթները
Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի բանկային համակարգում չբաշխված շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,5 մլրդ դրամով (18,2%-ով)՝ կազմելով 11,2 մլրդ դրամ։ Մայիսին բանկերը ստացել են շուրջ 3 մլրդ դրամի շահույթ։
Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ առևտրային բանկերում չբաշխված շահույթի նվազումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ մայիսին՝ տարեկան կտրվածքով, առևտրային բանկերի վարկային պորտֆելն աճել է 334 մլրդ դրամով կամ 30%-ով, իսկ պարտավորությունները՝ 338 մլրդ դրամով կամ 27%-ով։
Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ այս ժամանակահատվածում բանկերն ընդլայնել են դոլարային վարկերի տրամադրման գործընթացը, ինչի արդյունքում վարկային պորտֆելում ընթացիկ տարվա մայիսի վերջին՝ 2011թ. նույն ամսվա համեմատ, արտարժութային վարկերի մասնաբաժինն ավելացել է 3,2 տոկոսային կետով՝ հասնելով 63,4%-ի։
Նշենք, որ մեկ տարվա կտրվածքով դոլարային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է 0,17 տոկոսային կետով, և 0,15 տոկոսային կետով ավելացել դոլարային ավանդների տոկոսադրույքը։ Դրամային վարկերի դեպքում միջին տոկոսադրույքը նվազել է 0,2 տոկոսային կետով, այնինչ դրամային ավանդների միջին տոկոսադրույքն ավելացել է 0,5 տոկոսային կետով։
Ստացվում է, որ մի կողմից՝ բանկերի համար թանկացել են միջոցները, մյուս կողմից՝ բանկերը վարկառուների համար նվազեցրել են տոկոսադրույքները։ Այլ հավասար պայմաններում՝ միայն տոկոսադրույքների փոփոխությունն ու մարժայի կրճատումը անխուսափելիորեն բերել է բանկերի շահույթների նվազման։



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ