Կամո Հովհաննիսյան. Ընտրել ենք այն մարտավարությունը, որը մեզ կօգնի հաջողության հասնել
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանականերում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ վաղը կհյուրընկալի Մոնտենեգրոն ներկայացնող «Զետային»:
Մրցավեճից առաջ SportArmenia-ն զրուցել է կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ:
-Նախքան կայանալիք խաղին անցնելը, կցանկանայինք անդրադառնալ Հայաստանի առաջնությանը, առաջին շրջանն ավարտված է, որը կարծես հաջող դասավորվեց քեզ համար…
-Չէի ասի, քանի որ մենք բավականին շատ միավորներ կորցրինք: Այն, որ մենք այժմ 5-րդ հորիզոնականում ենք, չի կարող գոհացուցիչ լինել:
-Իսկ անհատակա՞ն տեսանկյունից: Դու բավականին շատ ես աչքի ընկնում գոլերով ընթացիկ մրցաշրջանում: Կարելի՞ է ասել, որ հիմա քո լավագույն մարզավիճակում ես:
-Ճիշտ է, հիմա ես լավ մարզավիճակում եմ, բայց ավելացնելու տեղ միշտ էլ կա:
-Ի՞նչ կարող ես ասել մրցակցի մասին, ուսումնասիրե՞լ եք «Զետայի» խաղը:
-Այո, ուսումնասիրել ենք մեր հակառակորդին և ընտրել ենք այն մարտավարությունը, որը մեզ կօգնի հաջողության հասնել: «Զետայի» մասին կարող եմ ասել, որ ատլետիկ ու բարձր կազմվածքով ֆուտբոլիստներից բաղկացած թիմ է, բայց այնպիսի թիմ, որին հնարավոր է պարտության մատնել:
-Մրցակցի կազմում որևէ մեկին կարո՞ղ ես առանձնացնել:
-Հատկապես աչքի ընկավ կենտրոնական կիսապաշտպանը, հիմնականում նա էր կառուցում խաղը:
-Նախորդ տարի եվրագավաթներից առաջ թիմից հեռացան առանցքային խաղացողներ, իսկ այս տարի էլ կարող են բացակայել Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը… Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս դա կանդրադառնա խաղի վրա:
-Իհարկե, նրանք կարևոր խաղացողներ են մեր թիմի համար, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց բացակայությունը շատ չզգացվի:
Մարզական գործընկեր` SportArmenia.com




















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ