Հայաստանը մասամբ ազատ երկիր է․ Freedom House
Դաժան բռնապետություններն արմատացել են մի շարք երկրներում և կառավարում են երկրագնդի բնակչության մոտ մեկ քառորդին, ասված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության ամենամյա «Վատագույններիցվատագույնները. Աշխարհիամենառեպրեսիվհասարակությունները» (Worst of the Worst: The World’s Most Repressive Societies) զեկույցում։
Զեկույցում թվարկված են այն վարչակարգերը, որոնք իշխանությունն իրենց ձեռքում են պահում քաղաքական հակառակորդներին չեզոքացանելու, քաղաքացիական հասարակությանը ճնշելու և իրենց քննադատների «բերանը փակելու» ճանապարհով։ Freedom House-ը դիտարկել է աշխարհի 195 երկիր և 14 «տարածք»՝ հիմնականում չճանաչված պետություններ, որոնց թվում որպես «վիճելի տարածք» նշված է նաև Լեռնային Ղարաբաղը:
Ըստ Freedom House-ի՝ 2012թ․ աշխարհում կա 87 ազատ, 48 ոչ ազատ և 60 մասամբ ազատ երկիր: Հայաստանը վերջին կատեգորիայում է՝ քաղաքական իրավունքների վեց և քաղաքացիական իրավունքների չորս բալերով: Վրաստանը ևս «մասամբ ազատ» է՝ չորս և երեք բալերով: Տարածաշրջանների երկրների շարքում «անազատ» երկրների ցանկում է Ադրբեջանը՝ վեց և հինգ բալերով: Իրանը ազատ չէ՝ վեցական միավորներով: Թուրքիան «մասամբ ազատ» է՝ երեքական բալերով: «Ոչ ազատ» է Ռուսաստանը՝ վեց և հինգ միավորներով:
2012թ․ «վատագույններից վատագույն» են ճանաչվել ինը երկիր և երկու վիճելի տարածք՝ Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Սուդան, Սիրիա, Թուրքմենստան, Ուզբեկստան, Տիբեթ և Արևմտյան Սահարա: Այս բոլոր երկրներում արգելված է քաղաքական ընդդիմությունը, իշխանությունների քննադատությունը պատժելի է, իսկ միջազգային կազմակերպությունները ճնշումների են ենթարկվում:
Յոթ երկիր և մեկ տարածք որակվել են որպես «վատագույնի եզրագծին» հայտնվածներ՝ Բելառուս, Բիրմա, Չադ, Չինաստան, Կուբա, Լաոս, Լիբիա և Հարավային Օսիա: Այս երկրներում ընդդիմությունը դաժանաբար ճնշվում է, խոչընդոտվում է միջազգային կազմակերպությունների աշխատանքը, իշխանությունների քննադատությունը գրաքննության է ենթարկվում։
«Ցավոք, այս վարչակարգերը չափազանց ամուր են։ Դրանք գոյություն ունեն միջինը մոտ 37 տարի՝ առանց իշխանության զգալի փոփոխությունների և այն քաղաքական մրցակից կուսակցություններին փոխանցելու»,- նշել է Freedom House-ի՝ քաղաքականության և արտաքին հարցերով փոխնախագահ Դենիել Կալինգերտը՝ հավելելով, որ այս զեկույցը կոչ է միջազգային հասարակությանը՝ գործի անցնելու և կենտրոնանալու այն երկրների ուղղությամբ, որտեղ կատարվում են մարդու իրավունքների խախտման ամենաաղաղակող խախտումները։
Նշենք, որ այս տարի վատագույնների ցուցակում են հայտնվել Սաուդյան Արաբիան և Սիրիան։ Յուրօրինակ ռեկորդ է սահմանել Հյուսիսային Կորեան, որը 39 տարի է, ինչ այս ցուցակում է։



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ