Հայկական կայքէջը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների կիբերհարձակման
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի կայքէջի վրա հուլիսի 1-ին կիբերհարձակում են նախաձեռնել ադրբեջանցի հաքերները։ Այս մասին ասված է ծրագրի պատասխանատուների տարածած հաղորդագրությունում:
Հաքերները հարձակում են նախաձեռնել SiteMax ընկերության վրա, որն ապահովում է կայքէջի հոսթինգը։ Կիբերհարձակման է ենթարկվել սերվերը և նրանում տեղակայված կայքերը, ներառյալ՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» կայքէջը: Կայքից ջնջվել են վերջին երկու ամիսների բոլոր գրառումները։
Նշենք, որ ծրագրի նպատակը Արևելյան գործընկերության երկրների միջև մշակութային կապերի սերտացումն է, ինչպես նաև միջմշակութային երկխոսության ու միջսահմանային համագործակցության նախաձեռնություններին աջակցությունը:
«Մենք զարմացած, շփոթված և հիասթափված ենք մեր հարևան երկրի նման անընդունելի վարքագծից»,- նշված է հաղորդագրության մեջ: ՍիվիլՆեթ-ին ծրագրի պատասխանատուներն այսօր նշեցին, թե կայքը լիովին կվերականգնվի մինչև օրվա վերջ։


















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ