Հայաստան առաքվող ռուսական գազը թանկացել է $60-ով

Հայաստան առաքվող ռուսական գազը թանկացել է $60-ով և ներկայում կազմում է $240/1000 խմ։ Կառավարությունը մինչև նախագահական ընտրություններ ներքին շուկայում գազի սակագներն անփոփոխ պահելու համար ռուսական «Գազպրոմին» է փոխանցելու «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի 10%-ը։ «Գազպրոմում» թեև հաստատում են, որ հայկական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում, սակայն մանրամասներ չեն հրապարակում։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստան առաքվող ռուսական գազն արդեն թանկացել է 33%-ով կամ $60-ով և ներկայում կազմում է $240/1000 խմ։ Հայկական և ռուսական կողմերը պայմանավորվել են գնի փոփոխության մասին «լռել» մինչև 2013թ. փետրվար՝ ՀՀ նախագահի ընտրություններ։

Նշենք, որ 2009-ից «Գազպրոմի» դուստր «ՀայՌուսգազարդը» 1000 խմ գազը ձեռք էր բերում $180-ով և բնակչությանն իրացնում Դ132 հազ-ով (մոտ $310), խոշոր սպառողներին՝ $243-ով։

Համաձայն նույն աղբյուրի՝ ռուսական գազի գնի փոփոխությունը վերջնական սպառողի վրա չի անդրադառնա, և ներքին շուկայում սակագները կմնան անփոփոխ։ Կառավարությունը պատրաստվում է ձեռքբերման գների միջև տարբերությունը՝ 1000 խմ հաշվով $60-ը, վճարել «սեփական» միջոցներից։ ՍիվիլՆեթի աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարությունը գնի տարբերությունը վճարելու է «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի 10%-ը «Գազպրոմին» փոխանցելու ճանապարհով։ Փոխհատուցման այս սխեման էլ եղել է հունիսի 29-ին Մոսկվայում «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպման օրակարգի հիմնական հարցը։

«Գազպրոմ» ընկերության մամուլի ծառայությունում, մեկնաբանելով գազի գնի վերաբերյալ տեղեկությունը, ՍիվիլՆեթին ասացին, որ ներկայում հայ գործընկերների հետ ընդգրկուն բանակցություններ են ընթանում երկկողմ համագործակցության մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ սակագնի հարցի: «Բանակցությունների մանրամասները կոմերցիոն գաղտնիք են և չեն կարող հրապարակվել»,- նշեցին ընկերությունում։

Նշենք, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմին», 20%-ը՝ Հայաստանի կառավարությանը։ Հայկական ընկերության կանոնադրական կապիտալն անցած տարվա վերջին կազմել է Դ312 մլրդ, որից Դ6,24 մլրդ-ը (մոտ $150 մլն) կառավարության մասնաբաժինն է։

Հաշվի առնելով գազի ներկրման անցած տարվա ծավալներն ու այս տարվա առաջին կիսամյակի միտումները, այս տարվա երկրորդ կիսամյակում մոտավոր հաշվարկներով Հայաստան կներկրվի 900 մլն խմ գազ, իսկ մինչև 2012թ. ապրիլի 1-ը՝ մոտ 1,5 մլրդ խմ գազ։ Այդ ծավալի փոխհատուցման համար անհրաժեշտ է լինելու ընդհանուր առմամբ $90 մլն, որից այս տարվա համար՝ $54 մլն։ Հաշվարկներից երևում է, որ կառավարությունն ամբողջովին կարող է փոխհատուցել գումարը՝ «Գազպրոմին» փոխանցելով «ՀայՌուսգազարդում» իր մասնաբաժնի 12%-ը։

Նույն սխալը

Գործադիրի՝ գազի գինը համատարած սուբսիդավորելու հերթական ցանկությամբ կարծես կրկնվում է 2006թ. ճանապարհը։ Բայց ներկայիս և 2006թ. գործողությունների միջև տարբերություն կա։ Նախ՝ այժմ գների փոփոխության մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվում։ Երկրորդ՝ սուբսիդավորումը կատարվում է քաղաքական նպատակներից ելնելով և ուղղված չէ բնակչության սոցիալական բեռի թեթևացմանը։

Երբ 2006թ. ապրիլի 1-ին Հայաստան առաքվող ռուսական գազի գինը կրկնակի բարձրացավ ՝ հասնելով $110/1000 խմ-ի, գործադիրը Հրազդանի ջէկի 5-րդ էներգաբլոկի վաճառքից ստացված $248,8 մլն-ից $188 մլն-ն ուղղեց խոշոր սպառողների և քաղաքացիների համար գազի գնի սուբսիդավորմանը։ Համատարած սուբսիդավորման այս որոշումն արժանացավ ինչպես Արժույթի միջազգային հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի քննադատությանը։

«ՀայՌուսգազարդում» «Գազպրոմին» պատկանում է վերահսկիչ փաթեթը, և Հայաստանի կառավարությունն իր մասնաբաժնով որոշումների ընդունման վրա էական ազդեցություն չի կարող ունենալ ո՛չ 20% և ո՛չ էլ 10% մասնաբաժնի պարագայում։

Թանկացումը սպասելի էր

Որ Հայաստանի համար «Գազպրոմը» բարձրացնելու է կապույտ վառելիքի գինը, պարզ էր դեռ 2008թ.։ «Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի կողմերը պատրաստում և ստորագրում են պայմանագրի լրացում, որում էլ ամրագրվում է տվյալ տարվա գազի գինը։ 2008թ. պայմանագրի ստորագրումից հետո «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և «ՀայՌուսգազարդի» վարչության արդեն նախկին նախագահ Կարեն Կարապետյանի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2011-ից Հայաստանում գործելու են ռուսական գազի եվրոպական գներ։

Նշենք, որ թեև անցած տարի հայկական կողմին հաջողվել է անփոփոխ թողել ռուսական գազի գինը, իսկ «ՀայՌուսգազարդի» կողմից գազի իրացման ծավալներն ավելացել են մոտ 13%-ով, ընկերության վնասներն այդուհանդերձ աճել են 42,8%-ով՝ կազմելով Դ15,4 մլրդ (2010թ. ընկերությունը նույնպես վնասով է փակել՝ Դ10,8 մլրդ)։

«Գազպրոմը» գազի մատակարարման նմանատիպ պայմանագիր ուներ նաև Բելառուսի և Մոլդովայի հետ։ Այս երկու երկրները շուկայական գնագոյացման անցան 2011-ից։ Անցած տարի «Գազպրոմը» Բելառուսին 1000 խմ գազը վաճառել է տարեկան միջինը $244-ով (աճը՝ 25%), Ուկրաինային՝ $280-290-ով (աճը՝ 10%), Մոլդովային՝ $339,3-ով։ Այս տարի Ուկրաինան ռուսական գազը արդեն ձեռք է բերում $425-ով։

Հայաստանը, ըստ էության, միակ երկիրն է, որին գազի գնի հարցում «Գազպրոմը» անցած տարի զիջել է։ Սակայն հաշվի առնելով ընդհանուր կոնյունկտուրան, ինչպես նաև գազի գնագոյացման հարցում ռուսական ընկերության քաղաքականությունը՝ Հայաստանը երկար չէր կարող մնալ արտոնյալ կարգավիճակում։

Մեկնաբանել