Կայացել է «Ավտոդպրոց» էլեկտրոնային նախագծի շնորհանդեսը

Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Dasaran.am կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի իրականացմանն օժանդակել է նաև Dasaran.am-ի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը:

«Ավտոդպրոց»-ը նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, ինչպես նաև նրանց ծնողների և ՀՀ վարորդների՝ երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ հաշվի առնելով այն, որ այսօրվա դպրոցականները ապագա վարորդներ են, իսկ երթևեկության կանոններին տիրապետելն անվտանգ երթևեկության առաջին նախապայմանն է։ Ծրագիրը հասանելի է ոչ միայն Dasaran.am-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, որը ցանկանում է առցանց սովորել երթևեկության կանոնները:

«Ավտոդպրոց»-ի շնորհիվ ներկայիս և ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:

«Աշակերտների շրջանում երթևեկության կանոնների իմացությունը խրախուսելու նպատակով Dasaran.am կրթական ծրագիրը նախատեսում է նաև բազմաթիվ մրցույթներ անցկացնել»,- նշել է Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Շնորհանդեսին հաջորդել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում Սուրեն Ալոյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը խոսել են նաև Dasaran.am-ի և ԿՏԱԿ-ի համագործակցության շրջանակում հետագա ծրագրերի մասին:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ