Գորկու մասին՝ «Առանց Գորկու»

Կոսիմա Սպենդերը անցյալ դարի մեծագույն նկարիչներից մեկի՝ Արշիլ Գորկու թոռնուհին է: Նա ֆիլմ է նկարահանել իր պապի, ավելի շուտ նրա բացակայության մասին: «Առանց Գորկու» ֆիլմը բացահայտում է նկարչի կյանքի վերջին տարիների գաղտնիքները, որոնք պատմում են նրա այրին և երկու դուստրերը: Ցուցադրման նախօրեին Կոսիմա Սփենդերը հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել ֆիլմի ստեղծման պատմությունը և իր ապրումները՝ կապված այդ աշխատանքի հետ։

Ֆիլմը անձնական է: «Սա Գորկու կենսագրությունը չէ, ես պարզապես փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվել նրա կյանքի վերջին ութ տարիներին, որոնք նա անցկացրել է իմ տատիկի հետ»,- ասում է Կոսիման:

Գորկին Ագնես Մագրուդերին հանդիպել է 1941-ին, երբ վերջինս ընդամենը 18 տարեկան էր, իսկ ինքն արդեն անցել էր 40-ի շեմը: Բավական կարճ ժամանակ անց զույգն ամուսնացել է և բնակություն հաստատել Նյու Յորքում: Ամուսինների կյանքը ծանր է եղել՝ չունենալով սեփական տուն, երկու մանկահասակ երեխաների ապրուստը հոգալու համար Գորկին ստիպված է եղել պայքարել աղքատության դեմ: 1947-ին մի շարք իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք և բերել են նկարչի և իր ընտանիքի ճակատագրերի ողբերգական հանգուցալուծման:

Առաջինը արվեստանոցում բռնկված հրդեհն է եղել, որը ոչնչացրել է մոտ 40 կտավ: Հետո Գորկու մոտ քաղցկեղ է ախտորոշվել, որին հաջորդել է վիրահատական միջամտությունը։ Հիվանդությունը, որը Գորկին նվաստացուցիչ էր համարում, խլել է նրա վերջին ուժերը, պայքարելու ունակությունը: Այդ պահից ի վեր Արշիլ Գորկին սկսել է կորցնել հոգեկան հավասարակշռությունը՝ պատճառը նաև դեղամիջոցներն էին, որոնք նա ընդունում էր:

Ֆիլմից պարզ է դառնում, որ Գորկու և Ագնեսի հարաբերությունները հեշտ չեն եղել: Ընկճված հոգեվիճակում Գորկին հաճախ վիճել է կնոջ հետ՝ երեխաների ներկայությամբ, նույնիսկ ծեծել նրան: Ագնեսը լքել է Գորկուն, որը քիչ ժամանակ անց ինքնասպանություն է գործել։

«Առանց Գորկու» ֆիլմը երեք սերնդի կանանց մասին է, հարազատների, որոնց միջև տարիների ընթացքում մի շարք հարցեր են հասունացել. դրանք երբեք էլ չեն բարձրաձայնվել և պատասխաններ չեն ստացել։

Կոսիման ասում է, որ Գորկու ինքնասպանությունը ահռելի հետք է թողել նրա տատիկի, մոր և մորաքրոջ կյանքում և ազդել նրանց հետագա հարաբերությունների վրա: Գորկու մահից հետո Ագնեսին առաջարկել են հինգ և երկուսուկես տարեկան դուստրերին հանձնել գիշերօթիկ դպրոց, քանի որ նա ի վիճակի չէր հոգ տանել երեխաների համար:

Բաժանումն ընդամենը կես տարի է տևել, սակայն այն ևս իր դերն է խաղացել ընտանիքի ոչ այնքան անհոգ հարաբերությունների պատմության մեջ: «Այս խոսակցությունները, կարծես սպիտակ աղմուկ, մշտապես ներկա են եղել մեր ընտանիքի կյանքում, սակայն երբեք չեն բարձրաձայնվել։ Ես երկար տարիներ չէի հասկանում, ինչու է մայրս այդքան հիվանդագին վերաբերվում իր հոր հետ կապված թեմաներին և ինչու չի կարողանում ներել իմ տատիկին»,- անկեղծանում է ռեժիսորը:

Կոսաիման ասում է, որ հասկանում է, որ շատերը կքննադատեն իր տատիկին: Սակայն և շեշտում, որ Ագնեսը, կամ, ինչպես նրան Գորկին էր կոչում՝ Մուկուչը, շատ բան չգիտեր իր ամուսնու մասին: «Տատս անփորձ էր ու երիտասարդ: Բացի այդ՝ նա ազնվական տոհմից էր սերում և դժվարանում էր ներթափանցել սիրելի մարդու հոգու, անցյալի և ներկայի դժոխքը,- նշում է Կոսիմա Սփենդերը։ – Ես վստահ եմ, որ Գորկին, որը շատ բարդ ու դժվար կյանք էր ապրել, չէր ցանկանում վիրավորել իր ընտանիքի անդամներին: Նա ստում էր, որպեսզի քողարկի իր ապրումները: Սակայն այդ ստի հետևանքն այն էր, որ նրան դադարում էին հասկանալ»:

Ֆիլմի վերջում նկարչի դուստրերը՝ Մարոն ու Նատաշան ուղևորվում են Գորկու ծննդավայր՝ Վանա լիճ, ու ուր վերջապես ազատվում «Գորկու ստի ամրոցից», որում նա, կամա թե ակամա, պարփակել էր իր ընտանիքը:

Դուստրերը վերագտել են իրենց հորը՝ երբ նրա մահից հետո սկսել է աճել նկարիչ Արշիլ Գորկու համբավը: Սակայն մոր հանդեպ ունեցած հավակնությունները հանգուցալուծվել են միայն Կոսիմա Սպենդերի այս աշխատանքից հետո: «Երբ ֆիլմը ցույց տվեցի ընտանիքիս, բոլորս էլ հասկացանք, որ ամեն բան ասված է, և կարիք չկա այլևս դրան վերադառնալ»,- ասում է Կոսիման:

Ֆիլմը ցուցադրվել է BBC-ի, ինչպես նաև Կանադայի և Ֆինլանդիայի հեռուստատեսությունների եթերում: «Ոսկե ծիրան» փառատոնում այն ընդգրկված է «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում: «Առանց Գորկու» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Մեկնաբանել