Մենք կանգուն ենք մեր սարերի նման

Արդեն երկրորդ տարին է, որ Շուշիում անցկացնում եք քանդակի միջազգային սիմպոզիում. ինչպե՞ս հղացաք այդ միտքը, կարծում եմ, որ այն նաև քաղաքական ենթատեքստ ունի։

– Այո, արդեն երկրորդ տարին է, որ Շուշիում անցկացնում ենք քանդակի միջազգային սիմպոզիում` նվիրված Հակոբ Գյուրջյանին: Այս հարցում ինձ օգնել են Հայաստանի և Արցախի մշակույթի նախարարությունները, նաև Երևանի ու Շուշիի քաղաքապետարանները:

Հրավիրյալները հիմնականում իտալացիներ են, բայց այս տարի մասնակցելու է նաև մի ճապոնուհի քանդակագործ և Բելգիայից մի հայազգի նկարիչ-քանդակագործ, որի ներկայությունը ես շատ կարևորում եմ, որովհետև ուզում եմ, որ այդ մշակութային տոնակատարությունը լիներ նաև հայ արվեստագետների, մտավորականների վերադարձ դեպի ակունքները: Եվ նրա մասնակցությունն ինձ համար այս խորհուրդն ունի:

Մյուս մասնակիցները Ֆլորենցիայի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսորներ են: Նրանցից երեքը անցած տարի էլ էին մասնակցում, բայց այս տարի, բացի մասնակից լինելուց, գալիս են հատուկ առաքելությամբ: Նրանցից մեկն իր հետ բերում է ուրբանիստիկայի ճարտարապետ՝ հատուկ Շուշի քաղաքի համար, որովհետև պետք է մշակվի քաղաքաշինական ամբողջ ծրագիրը, որպեսզի միլիմետրի շեղում անգամ չլինի: Շուշին այն քաղաքն է, որ պետք է պահպանվի և ինչ-որ բան փոխելու համար պետք է շատ զգուշորեն մոտենալ: Գալիս է նաև պարիսպների վերականգնման մասնագետ, որը կզբաղվի Շուշիի պարսպի վերականգնման աշխատանքներով:

Այս անգամ բացի սիմպոզիումից՝ ունենք նաև ուրիշ նպատակ. Լուկան, որը Տոսկանայի հնագույն քաղաքներից է, շատ նման է Շուշիին. երկուսն էլ պարսպապատ քաղաքներ են, երկուսն էլ հայտնի են իրենց տպագրատներով… Մի խոսքով, նմանություններ շատ ունեն. Լուկայի քաղաքապետը, որի հետ արդեն հանդիպել ենք, պատրաստ է Շուշիի հետ քույր քաղաք դառնալ: Սա կօգնի թե՛ մշակութային, թե՛ տնտեսական կապերի ամրապնդմանը:

Իհարկե կլինեն հրավերներ, մշակութային այցեր Շուշիից Լուկա և հակառակը (հուսով եմ` կլինի նաև օդանավ Շուշի-Լուկա. ժպտում է): Կան շատ առաջարկներ ու ծրագրեր մասնակիցների կողմից, որոնք այդ մեկ տարվա ընթացքում շատ են աշխատել այն ուղղությամբ, որ քաղաքականությունից դուրս Շուշին որպես մշակութային քաղաք ճանաչելի դարձնեն գոնե Իտալիայում:

Ի՞նչ խորհուրդ ունի սիմպոզիումը Ձեզ համար:

– Ես այն կանվանեի հոգու պարտք, քանի որ 1992-ին խոստացել էի Շուշիին, որ կվերադառնամ և կբարեկամանանք… 1992-ին գնացել էի, որպեսզի ինչ-որ շունչ տանեմ, բայց այդ ժամանակ տեսա, որ ոչինչ անել հնարավոր չէ: Շուշին նոր էր ազատագրվել և նման էր վիրավոր աղավնու, որը թվում էր, թե երբեք չի կենդանանա… բայց, փառք Աստծո, կենդանացավ, թևերը բացեց, և այսօր ես ուզում եմ, որ նա ավելի բարձր թռչի. այնքան բարձր, որ Իտալիայից տեսնեն այդ քաղաքի գեղեցկությունը, հզորությունը:

Բոլոր քանդակները Շուշիո՞ւմ են տեղադրվելու:

– Քանդակները դեռ տեղադրված չեն, սպասում ենք քաղաքաշինության ճարտարապետական լուծմանը, որովհետև չենք ուզում պատահական որոշում կայացնել:

Մի քանի կարծիք կա. մեկն այն է, որ քանդակները տեղադրվեն ամբողջ Շուշիով մեկ, մյուսը, որ ընտրենք մի այգի, և բոլոր քանդակները կենտրոնացնենք այդ այգում, որը կլինի, ասենք, ժամանակակից արվեստի կենտրոն: Ես կողմնակից եմ այդ երկրորդ կարծիքին, որ մի տեղում կենտրոնացվի: Այս տարվա մոտ տասներեք քանդակները կավելանան անցած տարվա ևս այդքան քանդակներին, և արդեն կմտածենք, թե որտեղ տեղադրենք։

Նժդեհն ասում է. «Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ»: Ի՞նչն է խանգարում, որ քչերն են այդ սկզբունքով առաջնորդվում:

– Բացարձակ ճշմարտություն է. Նժդեհի մասին ես չէ, որ պետք է կարծիք հայտնեմ… Նա համամարդկային ճշմարտության մասին է խոսում, որը ելնում է ազգայինից: Ես արդեն քսան տարի է, ինչ Հայաստանում չեմ ապրում, բայց 1996-ից ստացել եմ Հայաստանի Հանրապետության անձնագիր ու մինչև հիմա իմ երկրի քաղաքացին եմ և մտադրություն էլ չունեմ փոխելու քաղաքացիությունս, քանի որ ինձ համար շատ կարևոր է աշխարհում ներկայանալ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այլ ոչ թե Իտալիայի, Ֆրանսիայի և այլն:

Ինչ վերաբերում է այն գառնուկներին, որ գայլի բերանը պիտի ընկնեն, դա էլ է հաշվարկված հովվի կողմից. նա գիտի՝ քանի կորուստ ունի, դրանք կորելու համար էին ու կորան… Ոչինչ, մենք շատ գառնուկներ ունենք: Նրանք, որ պետք է վերադառնան` կվերադառնան, իսկ նրանք, որ պետք է կորեն, ավելի լավ է` շուտ կորեն…

Դուք չնայած ապրում եք Հայաստանից դուրս, բայց ես գիտեմ, որ մտահոգված եք հայրենիքի խնդիրներով և հոգսերով: Ձեր մարդկային բնո՞ւյթն է այդպիսին, թե՞ քաղաքացիական պարտքի զգացումն է։

– Ինձ համար տղամարդու կերպարի մեջ պարտադիր երկու հիմնական գեներ պետք է լինեն. առաջինը հայրենասիրությունն է, երկրորդը՝ սեփական կնոջը չդավաճանելը: Եթե տղամարդը այդ գենետիկ երկու կոդերն ունի և հաշվի է նստում դրանց հետ, դա ամենակարևորն է, մնացածը արդեն ինքնըստինքյան է լինում…

Դժվար չէ՞ր Իտալիայում անուն և տեղ ձեռք բերել. այդ անունը արդեն միայն Ձերը չէ. Ձեր միջոցով իտալացին ճանաչում է հայի տեսակը։

– Ոչ թե անունն է գործին օգնում, այլ գործն է անվանը օգնում: Իմ բախտը այնքանով է բերել, որ ես արվեստագետ եմ: Եթե ես շինարար լինեի, ավելի քիչ մարդ կիմանար իմ մասին, բայց էլի իմ ազգին կսիրեին: Ուղղակի ես զբաղվում եմ քանդակագործությամբ, որն ավելի մեծ դաշտում է երևում, հետևաբար նաև իմ անունն է երևում. այդքանը: Շինարարն էլ, հավաքարարն էլ կարող է պատիվ բերել իր ազգին. կարևորը՝ ազնիվ անես քո գործը: Դա ուղիղ կապ ունի քո ազգի հետ: Եթե դրսում ես, ուրեմն երկրիդ դեսպանն ես քո շրջապատում, ներկայացնում ես քո պետությունը…

Ֆրանսիացին կարիք չունի ներկայացնելու իր պետությունը, քանի որ այն արդեն ներկայացված է: Իսկ, ցավոք, այդ յոթանասուն տարիների ընթացքում, դեռ դրանից էլ առաջ ամեն ինչ արվել է, որ Հայաստանը մոռացվի, մեծ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ: Վերջին քսան տարում է, որ մենք իրավունք ենք ստացել և շատ վատ ենք իրականացնում մեր ստացած իրավունքը: Քսան տարվա ընթացքում պետք է շատ ավելին արվեր, որպեսզի հայ ազգի տեղը, դերը այսօր համաշխարհային ընտանիքում այլ լիներ:

Գլոբալացման այս ժամանակաշրջանում մենք մեր տեսակը պահելու խնդի՞ր ունենք։

– Չէ, չունենք… Համաշխարհային գլոբալացումը խնդիր ունի մեր տեսակին վերացնելու… մենք խնդիր չունենք:

Մենք էլ պահելու խնդիր ունենք։

– Չէ՛, չէ՛, մենք կանք, խնդիրներ ունեն մեզ հետ, մենք խնդիրներ ոչ մեկի հետ չունենք. իրենք ուզում են ստեղծվեն, հետևաբար իրենք խնդիր ունեն. թող գնան՝ իրենք մտածեն՝ ինչպես պայքարել մեր դեմ. մենք ո՞ւմ դեմ պայքարենք:

Մենք մեր դեմ:

– Մենք մեր դեմ պայքարել չենք ուզում, մենք հայ ենք… Հայերի դեմ պայքարում են… Հա, Հայաստանում էլ են պայքարում հայերի դեմ: Թող պայքարեն: Կյանքի շարժիչ ուժն է պայքարը, պետք չէ վախենալ պայքարից:

Այսօր փոխվել է մեր արժեհամակարգը, ինչի՞ հետևանք է սա։

– Ձևերն են փոխվել. ժամանակն արագացել է, բայց, իմ կարծիքով, արժեհամակարգը չի փոխվել:

Բարոյական չափանիշներն էլ չե՞ն փոխվել:

– Բոլորովին… Դրանք հատուկ մտածված ծրագրեր են… Այդ ժամանակավոր քամիները դրսից կգան ու կգնան. ճիշտ է` մեկ-մեկ էլ ծառեր են կոտրում, բայց մենք մեր սարերի նման ենք` միշտ կանգուն:

Մեր այսօրվա քաղաքական կյանքում ի՞նչն է Ձեզ ամենից շատ զայրացնում:

– Քաղաքական կյանքը: Ես շատ կուզեի, որ ամեն մեկն զբաղվեր իր գործով: Ցավոք, մեկը զբաղվում է մյուսի գործով: Եթե մի օլիգարխ դառնում է քաղաքական գործիչ, օրենքներ է մշակում, և այլն… Ես նրան հարց կտայի՝ նա իր աղջկան կամ կնոջը կտանի՞ մի օլիգարխի մոտ բուժվելու, որը երբեք բժշկություն չի սովորել, ուղղակի որոշել է, որ սրանից հետո պիտի բժիշկ աշխատի: Չի լինի, չէ՞: Նույն բանն է. բժիշկը կարող է մի հիվանդ սպանել, բայց քաղաքական գործիչը կարող է հազարավոր մարդկանց՝ չասենք սպանել, բայց իր վատ աշխատանքով հիասթափեցնել, հազարավոր մարդիկ կարող են լքել իրենց երկիրը, ինչը հիմա կատարվում է:

Ստեղծագործական նախագծեր ունե՞ք Հայաստանի հետ կապված։

– Այո, ունեմ: Անկեղծ ասած, Երևանի հետ կապված՝ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ շատ ծրագրեր ունեինք: Նրա հրաժարականից հետո այդ ծրագրերը մնացին օդում: Հիմա Տարոն Մարգարյանի հետ մեր առաջին համագործակցությունը Շուշիի սիմպոզիումն է: Հուսով եմ, որ մյուս նախագծերն էլ կիրականանան:

Զրուցեց Սաթենիկ Ազատյանը

Մեկնաբանել