Պարտք պարտքի դիմաց

«Օրակարգի» տեղեկություններով՝ հայաստանյան բարեփոխումներին օժանդակելու նպատակով դոնոր երկրների և կազմակերպությունների բրյուսելյան համաժողովի հետաձգումը, որի ընթացքում ակնկալվում էր մոտ $1,5 մլրդ հավաքագրել, կառավարությանը ստիպել է Ռուսաստանի հետ ոչ պաշտոնական բանակցություններ սկսել $1 մլրդ վարկային միջոցներ ներգրավելու շուրջ։

«Օրակարգի» հարցմանը, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ֆինանսների նախարարությունում նշել են, որ պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնել այս կամ այն երկիրը կամ կառույցը՝ ըստ էության չհերքելով տեղեկությունը։

«Հայաստանի Հանրապետության՝ որպես զարգացող երկրի տնտեսական զարգացման թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ առկա սցենարները ենթադրում են բյուջեի դեֆիցիտ, որը, բնականաբար, ֆինանսավորվում է ներքին և արտաքին աղբյուրների հաշվին:

Կառավարության կողմից հաստատված պարտքի ռազմավարության ներքո նշված դեֆիցիտի ֆինանսավորման ուղղությամբ անընդհատ իրականացվում են աշխատանքներ, մշտապես վարվում են բանակցություններ բոլոր հնարավոր բազմակողմ և երկկողմ դոնորների հետ՝ բոլոր հնարավոր տարբերակներից ընտրելով ամենաշահավետ պայմաններով առաջարկները, այդ թվում՝ որոշ վարկեր առավել արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորելու տարբերակները:

Բանակցությունները չեն վարվում այս կամ այն գումարի չափով, այլ քննարկվում են կոնկրետ ծրագրերով և ուղղություններով, որոնք համահունչ են երկրի զարգացման պահանջներին և դոնորների նախապատվություններին: Հայաստանում ամեն տարի քննարկվող արտաքին վարկերի՝ գործող և մոտակա տարիներին նախատեսվող ծավալները վերջերս տատանվում են շուրջ $1 մլրդ-ի շուրջ, որից ամեն տարի իրացվում է դրա 25-50%-ը: Պարտքի ներգրավման տեսանկյունից հարկ չկա առանձնացնել այս կամ այն երկիրը կամ կառույցը, հարկ է քննարկել դրա ընդհանուր չափը, պայմանները և ուղղությունները, ինչն էլ արվում է ամեն տարի՝ պետական բյուջեի քննարկումների ժամանակ»,– նշված է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանում:

Նշենք, որ թեև վաղ է խոսել ռուսական նոր վարկի պայմանների մասին, այն հազիվ թե էապես տարբերվի 2009թ. կառավարության կողմից ներգրավված $500 մլն վարկից։ Հիշեցնենք՝ ռուսական առաջին վարկը կառավարությունը ներգրավել է 15 տարի մարման ժամկետով և LIBOR+3% տարեկան տոկոսադրույքով։ Ըստ պայմանագրի՝ վարկի մարումը պետք է իրականացվի ամերիկյան դոլարով, հավասար կիսամյակային մասնաբաժիններով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին։ Առաջին վճարումն իրականացվելու է 2013թ. հունիսի 15-ին, վերջինը՝ 2024թ. հունիսի 15-ին։ Այժմ վեցամսյա LIBOR-ը կազմում է 0,8%, ինչը նշանակում է, որ ռուսական վարկի ներկայիս տոկոսադրույքը 3,8% է։

Այս տարվա բյուջեի ուղերձում նշված է, որ արտաքին պետական պարտքի սպասարկմանը պետք է ուղղվի $265,3 մլն, որից $193,7 մլն-ը՝ հիմնական գումարի և $71,6 մլն-ը՝ տոկոսավճարների մարմանը։ Բացի այդ՝ ծրագրվում է ներգրավել $506 մլն-ի լրացուցիչ վարկային միջոցներ։ Ստացվում է, որ կառավարությունը քայլում է «պարտքը պարտքով փակելու» ճանապարհով, ինչի արդյունքում այս տարի արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կավելանա 0,5-տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 36,6%։

«Պարտք պարտքի դիմաց» սխեման արդիական է լինելու նաև առաջիկա երկու տարիների համար։ 2013 և 2014 թթ. միայն կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկմանն անհրաժեշտ է լինելու ուղղել համապատասխանաբար $230 մլն և $200 մլն (2012թ.՝ $130 մլն)։ Ընդ որում՝ 2013-ից կառավարությունը տարեկան շուրջ $45 մլն է ստիպված լինելու ուղղել ռուսական վարկի մայր գումարի մարմանը։

Այս պայմաններում նոր վարկերը կառավարության համար կենսական նշանակություն ունեն։ Դրանք հիմնական երաշխիքն են, որ երկիրը կկատարի իր վարկային պարտավորությունները:

Մեկնաբանել