ԵՊՀ-ն այս տարի կունենա 3,5 հազ․ նոր ուսանող․ Արամ Սիմոնյան
Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների թիվը կազմել է 18 հազ․, այդ թվում՝ 5,4 հազ-ը դիմել է Երևանի պետական համալսարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ նոր ուսումնական տարում մայր բուհ է ընդունվել 3507 դիմորդ, այդ թվում՝ 381-ը անվճար, 3126-ը` վճարովի հիմունքներով: «Ընդհանուր ընդունվողների վերջնական թիվը կենթարկվի փոփոխության, ինչը պայմանավորված է նրանով, որ ուսանողների մի մասը միաժամանակ դիմել են և´ պետական, և´ մասնավոր բուհեր, բացի այդ՝ եղել են դիմոդներ, որոնք նախընտրել են ոչ թե երկրրոդ կամ երրորդ հայտով նշած բուհը, այլ առաջին հայտով նշածը»,- ասաց նա:
ԵՊՀ ռեկտորը, ընդհանուր առմամբ, գոհ է այս տարվա ընդունելության քննություններից, քանի որ 2010թ․ համեմատ ավելացել է և´ դիմորդների թիվը, և´ ընդունելության մրցակցային ցուցանիշը:
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ մայր բուհում վարձերի բարձրացում վաղուց չի կատարվել, այլ իրականացվել են որոշակի շտկումներ:
Անդրադառնալով թափուր տեղերին՝ Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ-ում թափուր տեղերը 81-ն են: «Ի զարմանս ինձ, բնագիտական թևը հաջողությամբ լրացել է այս տարի, նույնը չի կարելի ասել քիմիա և կենսաբանություն մասնագիտությունների մասին: Մասնավորապես, քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում կա 27 թափուր տեղ: Թափուր տեղեր կան կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա մասնագիտություններով»,- նշեց Սիմոնյանը:
Ռեկտորը կարևորեց նոր՝ Կովկասագիտության ֆակուլտետի ստեղծումը: Այս մասնագիտությամբ բուհն արդեն ունի 50 ուսանող։ «Սա համարում եմ մեծ հաջողություն: Համաձայն այս մասնագիտության ուսումնական պլանի` ուսանողները կարող են տիրապետել մի քանի լեզուների` ադրբեջաներենի, վրացերենի, հին վրացերենի, գրաբարի, ինչպես նաև կուսումնասիրեն կովկասի ժողովուրդների մշակույթն ու պատմությունը»,- ասաց ռեկտորը:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ