Վարդան Ղուկասյանի շանտաժը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու հարցը դարձել է մամուլում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Խնդրի հետ կապված հիմնականում երկու իրար խիստ հակասող տարբերակներ են քննարկվում: Ըստ առաջին տարբերակի՝ ՀՀԿ-ի ղեկավարությունը և անձամբ Սերժ Սարգսյանը դժգոհ են Վարդան Ղուկասյանից՝ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին Գյումրիում խայտառակ արդյունքներ գրանցելու համար: Երկրորդ տարբերակի համաձայն՝ դժգոհ լինելով Ղուկասյանի աշխատանքի «արդյունավետությունից», այնուամենայնիվ Գյումրիում Վարդան Ղուկասյանին փոխարինող չունենալու պատճառով ՀՀԿ-ն սատարելու է հենց նրան:

Որքան էլ տարօրինակ է՝ այս երկու տարբերակներն էլ իրականությանը մոտ են, քանի որ, ինչպես վստահեցրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցը կուսակցության ներսում դեռ չի քննարկվել: Այս ընթացքում, սակայն, Վարդան Ղուկասյանը ակտիվություն է ցուցաբերում և աջ ու ձախ հայտարարում է, որ անպայման առաջադրվելու և ինքը երբևէ կուսակցական որոշումով չի առաջադրել իր թեկնածությունը: Շարմազանովի հայտարարության ֆոնին սա բավական ուշագրավ հայտարարություն է: Ավելի պարզ՝ Ղուկասյանը հասկացնում է, որ ՀՀԿ-ի որոշումը իր համար նշանակություն չունի: Քաղաքապետի մամլո խոսնակը իր հերթին, պատասխանելով հարցին, որ եթե ՀՀԿ-ն չառաջադրի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, ի՞նչ են անելու, հայտարարել է. «Մենք  ակնկալում ենք, որ ինչպես բոլորը, այնպես էլ կուսակցությունը տեսնում է քաղաքապետի աշխատանքը, և իրենք իրենց բարոյական աջակցությունը կցուցաբերեն: ՀՀԿ-ն շատ խոհեմ կուսակցություն է, և կարծում ենք, որ նման վերաբերմունք չի լինի»:

Ըստ Վարդան Ղուկասյանի խոսնակի՝ ստացվում է, որ եթե ՀՀԿ-ն չսատարի Ղուկասյանին, ուրեմն անխոհեմ կուսակցություն է: Այս հայտարարությունը այլ կերպ, քան շանտաժ ՀՀԿ-ի նկատմամբ, հնարավոր չէ որակել: Հաշվի առնելով այն ավտորիտար ավանդույթները, որ գոյություն ունեն ՀՀԿ-ի ներսում, սեփական կուսակցի նման անպատասխանատու պահվածքը զարմանալի է: Կարելի է մտածել, որ Ղուկասյանը պարզապես իրեն ադեկվատ չի պահում և չմտածված հայտարարություններ է անում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման տպավորություն թողնող քաղաքապետը իրականում շատ վարպետորեն կողմնորոշվում է իշխանական միջանցքներում և ջրից չոր դուրս գալիս:

Հնարավոր է՝ գոյություն ունի խորհրդավոր ինչ-որ գաղտնիք, որը Վարդան Ղուկասյանին թույլ է տալիս սուր ճոճել ՀՀԿ-ի վրա և պարտադրել իր թեկնածությունը: Իսկ իշխող կուսակցության վերնախավը մինչև հիմա բավական լոյալ է եղել Գյումրիի քաղաքապետի դիրքորոշման նկատմամբ: 2007թ. իր դեմ մահափորձից հետո՝ Վարդան Ղուկասյանը հայտարարում էր, թե աշխարհի տարբեր քաղաքներում պահած «վիդեոկասետներ» ունի, որոնք կարող են բացահայտել իր դեմ մահափորձի պատվիրատուներին:

Ղուկասյանի խոսնակի հայտարարությունից հետո մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Վարդան Ղուկասյանը խորհրդարանում հանդիպում է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թեև խոսակցության բովանդակությունը չի հրապարակվում, սակայն բնական է, որ հանդիպման ժամանակ կարող էր ընդամենը մեկ թեմա լինել՝ Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Այս հնադիպումը ուշագրավ է այնքանով, որ ժամանակին ՀՀԿ-ում Վարդան Ղուկասյանը ընկալվում էր որպես «Հովիկ Աբրահամյանի մարդ» և վայելում էր նրա հովանավորությունը: Սակայն 2007թ. գարնանից սկսած, երբ Երևան-Գյումրի ճանապարհին մահափորձ կատարվեց Ղուկասյանի նկատմամբ, նրանց հարաբարությունները կտրուկ սառել էին: Ի դեպ, մինչ այժմ մահափորձի հեղինակները բացահայտված չեն: Գյումրիի  քաղաքապետը շատ է սիրում շահարկել այդ դեպքը: Վերջին անգամ մահափորձի մասին նա հիշել է Հովիկ Աբրահամյանի մոտից դուրս գալուց հետո. հարցին, թե ինչու ընկճված տեսք ունի, նա պատասխան էր. «Ես կարո՞ղ եմ ընկճվել, [նույնիսկ] երբ ինձ խփել էին, ես հեչ էդ ժամանակ ընկճված չէի»:

Հովիկ Աբրահամյանից հետո իշխանության բարձր օղակներում Վարդան Ղուկասյանը որպես իրեն հովանավորող գտավ Արթուր Բաղդասարյանին, որը հատուկ ջոկատայինների միջոցով նրան 2008թ. երրորդ անգամ քաղաքապետ կարգեց: Պատահական չէ, որ գյումրեցի ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը դրական է գնահատում Վարդան Ղուկասյանի գործունեությունը: Սակայն այսօր արդյոք Արթուր Բաղդասարյանը կկարողանա՞ նույն ծառայությունը մատուցել Ղուկասյանին:

Հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանը իշխանության ներսում սեփական կշիռը բարձրացնելու համար փորձում է իր «կուրացիայի» տակ վերցնել Վարդան Ղուկասյանին և իր անձնական պատասխանատվության ներքո նրան չորրորդ անգամ քաղաքապետ կարգել: Բնականաբար Վարդան Ղուկասյանից ակնկալիքները առաջին հերթին վերաբերում են 2013թ. նախագահական ընտրություններին: Կամ էլ Աժ նախագահը, իրենց հին «բարեկամությունը» հիշեցնելով, փորձել է անձամբ համոզել Վարդան Ղուկասյանին, որ նա հրաժարվի առաջադրվել: Սակայն հանդիպումից հետո Գյումրիի քաղաքապետը հաստատել է, որ դնելու է իր թեկանծությունը:

Այս իրավիճակում շատ հարցերի պատասխաններ կարող է տալ ՀՀԿ-ի՝ Գյումրիում կայանալիք ընտրությունների վերաբերյալ որոշումը:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ