Ամերիկյան համալսարանում 2013-ից կլինի նաև բակալավրիատ

Հայաստանի ամերիկյան համալսարանն (ՀԱՀ) այսօր հայտարարել է բակալավրի աստիճան շնորհող քառամյա ծրագրի մասին, ասված է համալսարանի տարածած հաղորդագրությունում։ Հատկանշական է, որ մինչ այժմ ՀԱՀ-ը շնորհել է միայն մագիստրոսի աստիճան:

«ՀԱՀ-ում բոլորս ոգևորություն ենք ապրում՝ հասնելով Հայաստանի և տարածաշրջանի ապագա արհեստավարժ մասնագետներ պատրաստելու համար բակալավրի աստիճան շնորհող բարձրորակ ծրագրի առաջարկման այս նոր ելակետին»,- ասել է ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանը՝ վերահաստատելով ՀԱՀ-ի որդեգրած բարձրորակ ու մատչելի կրթության ապահովման գաղափարը:

«Որևէ հայ ուսանող չի զրկվի ՀԱՀ-ում սովորելու հնարավորությունից` ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: Այսինքն ուսանողները ընդունվում են բացառապես իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրա, և ապա գտնվում են լուծումներ ուսումը հնարավոր դարձնելու համար»,- հավելել է Բողոսյանը։

Բակալավրի կոչում շնորհող նոր ծրագիրը լիցենզավորել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ասված է համալսարանի հաղորդագրությունում:

Յուրաքանչյուր տարի ընդունելով 300 ուսանող՝ Ամերիկյան համալսարանի բակալավրի աստիճան շնորհող ծրագիրը նպատակ ունի մինչ 2017թ․ այս ծրագրով սովորող ուսանողների թիվը հասցնել 1200-ի: Բակալավրի աստիճան շնորհող նոր ծրագիրը առաջարկում է հետևյալ մասնագիտացումները՝ հաշվողական գիտություններ, գործարար կառավարում, անգլերեն և հաղորդակցություն։

Բոլոր երեք ծրագրերը ներառում են ընդհանուր կրթության բաղադրիչներ և կդասավանդվեն անգլերեն լեզվով:

Մեկնաբանել