Ռուսաստանը հույս է ներշնչել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դեպի բարձրացում է վերանայել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։ Ըստ բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի՝ ընթացիկ տարվա համար այն ակնկալվում է 4-4,5%-ի մակարդակում։ Մարտին Երևանում ՎԶԵԲ-ի Թուրքիայի, Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպը նշում էր 3% ցուցանիշը։

Հայաստանի տնտեսության աճի կանխատեսման վերանայումը դեպի բարձրացում պայմանավորված է գործընկեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում ավելի լավատեսական սպասումներով: Այս մասին երեկ «Արարատբանկի» և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ազգային արժույթով $7 մլն վարկային պայմանագրի ստորագրումից հետո հայտարարեց ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։

«Մենք ակնկալում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։ Կանխատեսման վերանայմանը նպաստել է նաև կառավարության հարկաբյուջետային և հակաճգնաժամային քաղաքականությունը, ինչպես նաև ԿԲ դրամավարկային քաղաքականությունը։ Սա թույլ է տալիս կարծել, որ վատագույն մտավախությունները հետևում են։ Ուստի մենք վերանայեցինք մեր կանխատեսումը դեպի բարձրացում»,– նշեց նա։

Ըստ Ռազլոգի՝ ՎԶԵԲ-ն այնուամենայնիվ ուշադիր հետևելու է զարգացումներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային շուկայում։

ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունն անուղղակիորեն կարող է զգալ եվրոգոտում իրավիճակի ազդեցությունը գործընկեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում տնտեսական աճի տեմպերի դանդաղման միջոցով։ Ընդ որում՝ Հայաստանի վրա ազդեցությունը կարող է լինել մասնավոր փոխանցումների ծավալի կրճատման տեսքով: «Երկրի տնտեսության վրա կարող է ազդել նաև հանքարդյունաբերական, թանկարժեք քարերի, գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկի նվազումը»,– ասաց նա։

Ըստ Ռազլոգի՝ համաձայն ՎԶԵԲ 2012-2015 թթ. ռազմավարության, որը հաստատվել է մայիսին, Հայաստանում բանկը շեշտը դնելու է ազգային արժույթով ֆինանսավորման վրա։ «Ներկայիս ճգնաժամը լավ դաս էր բոլոր ֆինանսական կառույցներին։ Ճգնաժամի հիմնական բաղադրիչներից մեկն էլ այն էր, որ վարկավորումն իրականացվել է արտարժույթով՝ առանց հաշվի առնելու վարկառուի պահանջները։ Մենք նպատակ ունենք նվազեցնել մեր գործընկերների արտարժութային ռիսկերը»,– նշեց Ռազլոգը։

Հիշեցնենք՝ ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարներ» (Regional Economic Prospects) մայիսյան զեկույցում Հայաստանի համար թե՛ ընթացիկ, թե՛ գալիք տարում կանխատեսվում է 4%-ի տնտեսական աճ։ Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա համար Հայաստանում կանխատեսում է 3,8%-ի տնտեսական աճ, կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 4,2% ցուցանիշը։



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ