Վարդան Ղուկասյանն այլևս ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը չէ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պարտականություններից:

«Այսօր Գյումրիում կայացած ՀՀԿ-ի մարզային կառույցի նիստում, նախորդ օրը մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական տված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փոխարեն, ընտրվել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկարամյա պետ Սահակ Մինասյանը: Նիստը վարել է ՀՀԿ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկությունով, Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարական է տվել, քանի որ իշխանությունները Ղուկասյանին արգելել են առաջադրվել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում»,- նշված է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կայքում:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ սեպտեմբերին Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ-ն չի պաշտպանելու Վարդան Ղուկասյանի թեկնածությունը և հնարավոր է՝ Գյումրիում պաշտպանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանին, որի թեկնածությունը ԲՀԿ-ն առաջադրել է այս շաբաթ:



ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ