Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը
Թուրքիան փակում է Սիրիայի հետ բոլոր սահմանակետերը, հաղորդել է Թուրքիայի մաքսային և առտրային հարցերով նախարար Հայաթի Յազըջըն։
«Այսօրվանից Սիրիայի հետ սահմանի բոլոր հսկիչ անցակետերը փակվում են»,- մեջբերում է նախարարի խոսքը թուրքական NTV հեռուստաալիքը։
Թուրքիայի՝ Սիրիայի հետ սահմանի (որի երկարությունը մոտ 900 կմ է) բոլոր 13 հսկիչ անցակետերի փակումը նախատեսված է Անկարայի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի նկատմամբ սահմանած պատժամիջոցների նոր փաթեթով, հաղորդում է հեռուստաալիքը։
Համաձայն ընդունված որոշման՝ սահմանով, ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի կողմից, այսօրվանից չի իրականացվելու բեռնատարների փոխադրում։ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ նախազգուշացրել էին այսպիսի միջոցառումների ընդունման հնարավորության մասին՝ որպես փոխադրման երթուղի նշելով Իրաքի տարածքը։
Ինչպես նշում է Reuters-ը, Թուրքիայի իշխանությունների գործողությունները պայմանավորված են նրանով, որ նախկինում ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի ապստամբները բազմիցս հարձակվել են Թուրքիայի հետ սահմանի հսկիչ անցակետերի վրա։ Մասնավորապես՝ կիրակի նրանք գրավել էին սիրիական Հալեպ քաղաքից հյուսիս գտնվող Բաբ ալ Սալամ հսկիչ անցակետը։ Ավելի վաղ հաղորդվել էր Բաբ ալ Հավա և Ջարաբլուս անցակետերի գրավման մասին։ Բացի այդ՝ Reuters-ի տեղեկություններով՝ ապստամբներին հաջողվել էր իրենց վերահսկողության տակ վերցնել երկու հսկիչ անցակետ Սիրիայի և Իրաքի սահմանին։
Թուրքիայի իշխանությունների ընդունած միջոցառումները, ինչպես նշվում է, չեն անդրադառնա փախստականների վրա, որոնք ամեն օր Սիրիայից անցնում են Թուրքիա։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիայի իշխանությունները մտադիր են փախստականների համար ստեղծել ևս երեք ճամբար սահմանամերձ շրջաններում։ Ներկայում Թուրքիայի տարածքում կա մոտ 45 հազ․ գաղթական Սիրիայից։
Հիշեցնենք, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է 2011թ․ մարտից։



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ