Ռուս-հայկական նոր ֆիլմը պատրաստ կլինի հոկտեմբերին
Դետեկտիվ ժանրում նկարահանվող ֆիլմը կոչվում է «Հարյուր միլիոնանոց սպանություն»:
Խոշոր բանկի նախագահն անսպասելիորեն մահանում է: Մտերիմները և բոլոր նրանք, ովքեր կախված էին նրանից, փորձում են հետաքննել մեծահարուստի սպանությունն ու գտնել մեղավորին: Թեև նրանցից յուրաքանչյուրն իր դրդապատճառներն ունի, ամենահետաքրքրվածը սակայն հանցագործ խմբավորման ղեկավարներից մեկն է, որը բանկիրի մահից անմիջապես առաջ 100 մլն դոլար էր փոխանցել նրա բանկ։
Ֆիլմի պրոդյուսերը և սցենարի հեղինակը ռուսաստանյան Berg Sound ստուդիայի տնօրեն Միխայիլ Պոգոսովն է: Ֆիլմի ռեժիսորը հայ երիտասարդ ռեժիսոր Ռոման Մուշեղյանն է: Ֆիլմում նկարահանվում են ռուսական կինոյի աստղեր Եկատերինա Ստրիժենովան, Ալյոնա Յակովլևան, Սերգեյ Աստախովը և այլք: Հայ դերասանները հանդես են եկել միայն դրվագային դերերում:
Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում։ Օրերս ավարտվել են նաև նկարահանման աշխատանքները Հայաստանում։ ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում Ռոման Մուշեղյանը նշեց, որ օգոստոսի 10-ին խումբը մեկնում է Հունաստան, որտեղ և կկատարվեն վերջին նկարահանումները: Ֆիլմը պատրաստ կլինի հոկտեմբերին:
Ֆիլմի դիստրիբյուցիայի մասին ռեժիսորը դեռևս հստակ տեղեկություններ չուներ։ Հայտնի է միայն, որ այն կիրականացվի Մոսկվայում։ Հայաստանյան վարձույթի մասին ևս տեղեկություններ չկան:
Նշենք, որ Berg Sound ստուդիան ստեղծվել է 1995-ին և զբաղվում է հիմնականում ոչ խաղարկային ֆիլմերի, ինչպես նաև հեռուստահաղորդումների պատրաստմամբ: Երկար տարիներ այն համագործակցում է հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հիմնադրած Z-Studio ընկերության հետ:



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ