Ալեքսեյ Նավալնիին 10 տարվա ազատազրկում է սպառնում
Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է ներկայացրել ռուս դատապաշտպան, հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիին։ Վերջինս մեղադրվում է «ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի հասնող ունեցվածքի հափշտակումը կազմակերպելու մեջ»։ ՌԴ քրեական օրենսգրքի այս հոդվածը մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում։
Ըստ հետաքննության տվյալների՝ Ալեքսեյ Նավալնին Կիրովի նահանգապետի խորհրդականի պաշտոնում կազմակերպել է «Կիրովլես» պետական միացյալ ձեռնարկության ունեցվածքի հափշտակում՝ համաձայնության գալով «Վյատսկի անտառային ընկերության» տնօրեն Պյոտր Օֆիցերովի և «Կիրովլեսի» գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Օպալևի հետ։ Ըստ քննչական կոմիտեի՝ 2009թ. մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում յուրացվել է շուրջ 10 հազ. խմ փայտանյութ, ինչի արդյունքում Կիրովի նահանգային բյուջեն ավելի քան 16 մլն ռուբլու վնաս է կրել։
«Մեղադրանքը տարօրինակ է և աբսուրդային,- հայտարարել է Նավալնին։- Նրանք փոխել են մեղադրանքի ողջ ֆաբուլան, և դա արվել է, որ այսօր լուրերով հաղորդեն, թե Նավալնին 16 մլն ռուբլի է գողացել։ Իսկ թվերը, իբր թե, կպարզենք հետո։ Մեղադրանքի ֆաբուլան չի համապատասխանում իմ և մյուս վկաների ցուցմունքներին»։
Նույն հոդվածով ապագայում մեղադրանք է առաջադրվելու Պյոտր Օֆիցերովին և Վյաչեսլավ Օպալևին։



















ՏԱՐԱԾԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ